
Նորվեգիայի հոկեյի ասոցիացիայի (NIHF) կայքը հայտնում է, որ Նորվեգիայի հավաքականը չի խաղա Ռուսաստանի դեմ 2027 թվականին Գերմանիայում կայանալիք աշխարհի առաջնությունում։
Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) նախկինում պարտավորեցրել էր միջազգային ֆեդերացիային` IIHF-ին, թույլատրել Ռուսաստանի հավաքականներին, որոնք 2022 թվականից ի վեր որակազրկված էին Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով, մասնակցել։ CAS-ի որոշումից հետո IIHF-ն հայտարարել է, որ հիասթափված է, բայց ճանաչում է դատարանի լիազորությունները։ Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե ինչպես են ռուսները մասնակցել մրցաշարերին։
«Հիմնվելով ստեղծված իրավիճակի և այսօր առկա տեղեկատվության վրա՝ Նորվեգիան չի խաղա Ռուսաստանի դեմ 2027 թվականի մայիսին Գերմանիայում կայանալիք աշխարհի առաջնությունում։ Խմբում մնացած խաղերը կընթանան սովորականի պես։ Այս մասին հաղորդվել է IIHF խորհրդին», – ասվում է NIHF-ի հայտարարության մեջ։
Կազմակերպությունը հայտարարել է, որ վճռականորեն պահպանում է իր դիրքորոշումը, որ Ռուսաստանը պետք է զրկվի բոլոր միջազգային առաջնություններից, քանի դեռ շարունակվում է Ուկրաինայում ռազմական հակամարտությունը։
«Միևնույն ժամանակ, այս որոշումը պայմանավորված է մեր խաղացողների, թիմի անձնակազմի և նրանց ընտանիքների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու մեր պատասխանատվությամբ։ Մենք գնահատում ենք, որ Ռուսաստանի դեմ խաղերին մասնակցելը ներկա պայմաններում կարող է լուրջ ռիսկեր ներկայացնել մեր խաղացողների և թիմի անդամների անվտանգության համար։ Հետևաբար, մեր գերակա խնդիրն է նրանց հոգեկան առողջությունը, բարեկեցությունը և անձնական անվտանգությունը»,- հավելել է NIHF-ը։
Նորվեգիան դարձավ առաջին թիմը, որը հայտարարեց աշխարհի առաջնությունում Ռուսաստանի դեմ խաղալուց հրաժարվելու մասին։
Գերմանական հոկեյի ասոցիացիայի (DEB) նախագահ Ֆրանկ Լուցը հայտարարել է, որ կազմակերպությունը քննարկում է 2027 թվականի աշխարհի առաջնությունը հյուրընկալելուց հրաժարվելու հարցը։ Ավելին, շվեդական կահույքի արտադրող AJ Produkter-ը որոշել է դադարեցնել 2027 թվականի աշխարհի առաջնության հովանավորությունը՝ ի նշան Ռուսաստանի ներգրավման դեմ բողոքի։