ԱՄՆ-ը շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային, սակայն այժմ դրա արժեքն ամբողջությամբ վճարում են եվրոպացի դաշնակիցները, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես շարունակում եմ զենք մատակարարել Ուկրաինային։ Դա անում եմ Եվրամիության միջոցով, բայց նրանք մեզ ամեն ինչի համար ամբողջությամբ վճարում են»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը միաժամանակ կրկին քննադատել է իր նախորդին՝ Ջո Բայդենին, Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար։
Ըստ Թրամփի՝ նախորդ վարչակազմի օրոք ԱՄՆ-ն Ուկրաինային անհատույց 350 միլիարդ դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա է փոխանցել։ Նա հայտարարել է, որ եվրոպական երկրները պատրաստ կլինեին վճարել այդ մատակարարումների համար, եթե Բայդենը դա պահանջեր նրանցից։
Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Վաշինգտոնը սկսել է ձգտել նրան, որ եվրոպացի դաշնակիցները վճարեն Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան սպառազինության համար։ Գործող սխեմայի շրջանակում ՆԱՏՕ-ի երկրները զենք են գնում ԱՄՆ-ից, ապա այն փոխանցում Կիևին։