Volkswagen-ը վառելիք խնայելու նոր միջոց է մտածել․ ինչով կզարմացնի հիբրիդային Golf-ը

Գերմանական Volkswagen ավտոարտադրողը ներկայացրել է Golf-ի նոր հիբրիդային տարբերակը, որը կարող է կարճ տարածություններ անցնել բացառապես էլեկտրաքարշով և քաղաքային պայմաններում ավելի քիչ վառելիք ծախսել։ Դա ընկերության՝ երկար ժամանակ անց ներկայացրած առաջին նոր ուժային համակարգն է, գրում է բրիտանական Autocar պարբերականը։

Նոր Golf Hybrid-ը միջանկյալ տեղ է զբաղեցրել մեղմ հիբրիդային eTSI և արտաքին աղբյուրից լիցքավորվող հիբրիդային eHybrid տարբերակների միջև։ Ավտոմեքենան համալրված է 1,5 լ ծավալով բենզինային տուրբոշարժիչով, էլեկտրաշարժիչով և 1,6 կՎտ·ժ տարողությամբ փոքր մարտկոցով։ Համակարգն առաջարկվում է հզորության երկու՝ 134 և 168 ձիաուժ տարբերակով։

Մինչև 60 կմ/ժ արագության դեպքում ավտոմեքենան կարող է շարժվել բացառապես էլեկտրաքարշով։ Ավելի բարձր արագության դեպքում շարժիչը միացվում է անիվներին, իսկ կախված բեռնվածությունից՝ բենզինային և էլեկտրական ուժային համակարգերը կարող են աշխատել ինչպես միասին, այնպես էլ առանձին։

Նիցցայի և Մոնակոյի շրջակայքում մոտ 64 կմ երկարությամբ բլրապատ երթուղով փորձարկման ընթացքում լրագրողներն արձանագրել են միջինում մոտ 4,2 լ վառելիքի ծախս՝ 100 կմ-ի հաշվով։ Հանգիստ վարելու դեպքում Golf Hybrid-ն ապահովում է սահուն և անաղմուկ ընթացք, սակայն կտրուկ արագացման ժամանակ բենզինային շարժիչը զգալիորեն ավելի աղմկոտ է դառնում։

Պարբերականի գնահատմամբ՝ նոր տարբերակը հատկապես հարմար է քաղաքային երթևեկության համար։ Volkswagen-ը միաժամանակ պնդում է, որ քաղաքային ռեժիմում այն մինչև 11%-ով պակաս բենզին է ծախսում, քան արտաքին աղբյուրից լիցքավորվող հիբրիդային eHybrid-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *