
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նախագահ Կարոլ Նավրոցկուն առաջարկել է հանդիպել` սահմանադրական ճգնաժամը կարգավորելու նպատակով։ Նրա խոսքերը մեջբերում է Interia-ն։
Նա նշել է, որ նպատակը «որևէ մեկի կողմից առավելության հասնելը կամ մեկ ուրիշին նվաստացնելը» չէ։
«Ես նաև առաջարկել եմ նախագահին այս շաբաթ անցկացնել դեմ առ դեմ հանդիպում, որպեսզի մենք կարողանանք քննարկել, թե ինչպես հասնել լարվածության երկարաժամկետ թուլացման»,- ասել է Տուսկը` Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:
«Հավանաբար, մենք շատ հարցերի շուրջ կպահպանենք մեր սեփական կարծիքներն ու տեսակետները, սակայն երկուսս էլ գիտակցում ենք ընդհանուր պատասխանատվությունը»,- հավելել է նա։
Նավրոցկին Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի ողջ պատասխանատվությունը դրել է վարչապետի վրա։ Կառավարության ղեկավարը նախագահի ելույթը որակել է որպես «իրականության հետ կապ չունեցող»։