
«Սա ուղիղ այն է, ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը, որ կփորձի ճնշել ընդդիմությանը և առաջիկայում այդ ճնշումները գնալով ավելի են շատանալու»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքին և «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավարների տներում իրականացված խուզարկություններին։ «Ոչ մի ընդդիմադիր ուժ չպիտի ձեռքերը ծալած նստի և սպասի, թե երբ է հասնելու իր հերթը։ Այսօր կա ընդդիմադիրների հետապնդում և բոլորը պարտավոր են մեկ բռունցք դառնալ ու պաշտպանել միմյանց իրավունքները։ Սա կարող է նաև հնարավորություն ընձեռել ընդդիմադիր ուժերին միավորվելու, մեկ ճակատով հանդես գալու և արհավիրքները կասեցնելու․ սա է միակ լուծումն ու տարբերակը»,- նշել է ընդդիմադիր գործիչը։