Ընդհանուր այս պրոցեսը մի պատճառ ունի՝ Սահմանադրության ընդունման խնդիրը, որը կանգնած է իշխանության կոկորդին․ լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Կարապետյաններին պատկանող տներում խուզարկությունները, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
«Շատ վատ է, որ օտարերկրյա թշնամական պետությունն ունի ստիպելու լծակներ և, իմ կարծիքով, շտապեցնում է իշխանությանն ընդունելու, այսպես կոչված, ալիևյան սահմանադրությունը։ Հիմա, որպեսզի ժողովրդի համար պարզ լինի՝ ինչի ենք ասում ալիևյան, որովհետև դա այդ պետության ղեկավարի պարտադրանքով կատարվող գործողություն է․ դուրս են գալու կետեր, Անկախության հռչակագիրը, որը, իմ կարծիքով, պետության վախճանի մասին է գուժում»,– ասաց Դավիթ Ղազինյանը։
Սակայն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, նրանք չեն հասկացել, որ այսպիսի գործողությունները «ճնշման միջոց չեն մեզ համար»․ «Բոլորս էլ պատրաստ ենք, և չկա այդպիսի խնդիր, իսկ մեր հայրենակիցներին կասեմ, որ մենք ինչ-որ չափով ապրել ենք մեր կյանքը, բայց սերունդներին թողնել մի երկիր, որը չունի Անկախության հռչակագիր և ունենա թշնամական պետության կողմից պարտադրված սահմանադրություն, դա մենք թույլ չենք տալու»։