Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2027 կամ 2028 թվականները կարող են իրատեսական ժամկետներ լինել Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու համար։ Նա, սակայն, ընդգծել է, որ որոշումը կախված կլինի եվրոպացի գործընկերների հետ շարունակվող քաղաքական երկխոսությունից։
Այս հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր միջազգային հարաբերությունները՝ Մոսկվայի տասնամյակներ շարունակ ունեցած ազդեցությունից հետո։ Ռուսաստանի ազդեցությունը տարածվել է Հայաստանի անվտանգության համակարգի, էներգամատակարարման և տնտեսական կապերի վրա։
Ինչպես նշում է US Today-ը, Հայաստանի եվրոպական նկրտումները նոր հարցեր են առաջացնում ԵՄ ընդլայնման շուրջ քննարկումներում, որոնցում արդեն առանցքային տեղ են զբաղեցնում Ուկրաինան, Մոլդովան և Արևմտյան Բալկանները։
Հայաստանը, ի տարբերություն ԵՄ անդամակցության մյուս հավակնորդների մեծ մասի, Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միության անդամ է։ ԵԱՏՄ-ի մաքսային կարգավորումները համատեղելի չեն ԵՄ միասնական շուկային և մաքսային միությանը լիարժեք մասնակցության հետ։
Փաշինյանն ընդունել է, որ գործող պայմաններում Հայաստանը չի կարող անժամկետ ձգտել երկու կառույցներին լիարժեք անդամակցելուն։ Այդ ընտրությունը կարող է զգալի տնտեսական հետևանքներ ունենալ։
«Նման ընտրության հետևանքները կարող են էական լինել։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր առևտրային գործընկերը, իսկ Հայաստանի տնտեսությունը կապված է ռուսական շուկաների, էներգակիրների մատակարարումների, տրանսպորտային երթուղիների և ձևավորված գործարար հարաբերությունների հետ։ Եվրոպական չափանիշներին անցումը կպահանջի լայնածավալ փոփոխություններ կարգավորման, մաքսային համակարգի և առևտրային կապերի ոլորտներում»,- գրում է լրատվամիջոցը։
Փաշինյանը, այնուամենայնիվ, պնդել է, որ Հայաստանին անհրաժեշտ են այլընտրանքներ, որոնք կընդլայնեն երկրի տնտեսական և քաղաքական հնարավորությունները։ Նոյեմբերի 3-ին Euronews-ին տված հարցազրույցում նա եվրոպական ուղղությունը ներկայացրել է որպես Հայաստանի ժողովրդավարության և անկախության ամրապնդման միջոց, այլ ոչ թե պարզապես աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխություն։
Առայժմ Երևանը չի հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ Մոսկվայի հետ տնտեսական հարաբերություններն անհապաղ խզելու մտադրության մասին։ Նիկոլ Փաշինյանի կառավարության ռազմավարությունը ենթադրում է երկրի արտաքին քաղաքական և տնտեսական հնարավորությունների ընդլայնում՝ մեկ ուղղությունից կախվածությունը նվազեցնելու համար, նշվում է հոդվածում։
Միաժամանակ լրատվամիջոցը հիշեցնում է, որ Բրյուսելի հետ համագործակցությունն արդեն դուրս է գալիս քաղաքական հռչակագրերի շրջանակից։