Նոյեմբերի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի ընթացքում ընդունվեցին կանոնադրական փոփոխություններ։ ՀՖՖ գործկոմի անդամի պաշտոնում առաջադրվելու համար այլևս պարտադիր չեն հայերենի իմացությունը և նախորդող մեկ տարվա ընթացքում երկրում մշտապես բնակվելու պահանջը։ «Ուրարտու» ՖԱ-ն դեմ է քվեարկել։
«Մենք կարծում ենք, որ այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին։ Առաջադրումից առաջ Հայաստանում բնակվելու պահանջը տալիս էր գոնե նվազագույն երաշխիք, որ թեկնածուն ծանոթ է հայկական ֆուտբոլի և այն խնդիրներին, որոնց ակումբներն ամեն օր բախվում են։ Իսկ հայերենի իմացությունը հնարավորություն է տալիս աշխատելու կազմակերպության ողջ փաստաթղթաշրջանառության հետ, որը վարվում է պետական լեզվով։
ՀՖՖ կանոնադրության ցանկացած փոփոխություն պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Ընտրություններին մասնակցելու չափանիշները պետք է արտացոլեն ազգային ֆեդերացիայի ղեկավարության պատասխանատվությունը երկրի ֆուտբոլային հանրության առջև։ Հետևաբար, «Ուրարտու» ՖԱ-ն հանդես է գալիս երկու պահանջների պահպանման օգտին։
«Ուրարտու» ՖԱ-ի համար առաջնային նշանակություն ունի ՀՖՖ նախագահի արդար ընտրությունների անցկացումը։ Այս հարցում ակումբի հետագա բոլոր քայլերն ուղղված են լինելու ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը»,– ասված է ակումբի հայտարարության մեջ։