ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտության հիմնական պատճառը Իրանի հետ պատերազմն էր։
Այս մասին Վենսը գրել է X-ի իր էջում։
Վենսի խոսքով՝ շատ ամերիկացիներ, որոնք 2024 թվականին աջակցել էին Դոնալդ Թրամփին, 2026 թվականի ընտրություններում իրենց ձայնը տվել են դեմոկրատներին։
Հանրապետականների պարտության պատճառների թվում նա նշել է նաև գնաճը, կյանքի թանկացումը և Իսրայելի հետ հարաբերությունները։
Վենսն ընդգծել է, որ դեմոկրատների օգտին քվեարկած դժգոհ ընտրողներին կուսակցության կողմնակիցների շարքերը վերադարձնելու համար անհրաժեշտ է լուծել չորս առանցքային հարց՝ դադարեցնել Իրանի հետ պատերազմը, պայքարել գնաճի դեմ, վերադառնալ «Ամերիկան՝ առաջին հերթին» քաղաքականությանը և փոխել Իսրայելի հետ հարաբերությունները։
Նա նաև հիմնավոր է համարել Ռեյչել Կամպոս-Դաֆիի դիրքորոշումը, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդես էր գալիս հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին։
«Մեր պարտության պատճառը պատերազմն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես այդ մասին հայտարարել է անցած գիշեր։ Եթե ցանկանում եք ապացուցել, որ դա արժեր, և որ Սենատում տեղերի կորուստը առաջիկա վեց տարիների համար կարելի է արդարացնել, ապա արեք դա։ Ասեք, որ դա ընդունելի գին է։ Համաձայնեք կամ մի համաձայնեք, բայց գոնե դա կլինի ազնիվ դիրքորոշում։ Սակայն բոլորը գիտեն, թե ինչու պարտվեցինք։ Այն ամենի անկեղծ քննարկումը, թե ինչ պետք է անենք հետագայում, պետք է սկսվի հենց սրանից։ Ես շարունակում եմ հավատալ մեր երկրին», – գրել է Վենսը։
Նա նաև կոչ է արել հանրապետականներին դասեր քաղել ընտրությունների արդյունքներից և շարունակել աշխատել հանուն երկրի ապագայի։