Մարդասիրական ջանքերի գնահատական․ Մելանյա Թրամփը պարգևատրվել է Ուկրաինայի բարձրագույն շքանշանով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին Ուկրաինայի պետական բարձր պարգևով՝ Իշխանուհի Օլգայի 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին․ տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքից։

Ըստ հրամանագրի՝ ԱՄՆ առաջին տիկինը պարգևատրվել է «ուկրաինացի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական աջակցության, իրավապաշտպան ու բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար»:

«Մելանյա Թրամփի անձնական միջնորդության և հումանիտար ջանքերի շնորհիվ՝ հնարավոր է դարձել ուկրաինացի տասնյակ երեխաների վերամիավորումն ընտանիքների հետ:

Մեծ էր առաջին տիկնոջ դերը Ալյոշկիում տեղային հրադադար հաստատելու հարցում, ինչը թույլ է տվել իրականացնել տարածքի ականազերծում, հումանիտար օգնության մատակարարում և մոտ 750 քաղաքացու անվտանգ տարհանում»,- նշում են ուկրաինական լրատվամիջոցները։

Իշխանուհի Օլգայի շքանշանն Ուկրաինայի պետական բարձրագույն պարգևներից է, որով պարգևատրվում են կանայք՝ պետական, արտադրական, հասարակական, գիտական, կրթական, մշակութային և բարեգործական ոլորտներում ունեցած ակնառու հաջողությունների ու վաստակի համար: 1-ին աստիճանն այս շքանշանի բարձրագույն կարգն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *