Զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվը պահպանվել է բոլոր բանկերում՝ ապահովելով համակարգի երկարաժամկետ կայունություն. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (բոլոր արժույթներով) անվանվում է զուտ կայուն ֆինանսավորման գործակից կամ նորմատիվ։ Վերջինս պահանջում է, որ բանկի հասանելի կայուն միջոցները մշտապես լինեն առնվազն հավասար կամ ավելի մեծ, քան բանկի անհրաժեշտ կայուն միջոցները՝ բոլոր արժույթներով։

Բանկին հասանելի կայուն միջոցները բանկի հաշվեկշռի պասիվային մասում գրանցված բանկի կապիտալի այն գործիքներն ու պարտավորություններն են, որոնք, ըստ ակնկալիքի, հասանելի կլինեն բանկին առաջիկա մեկ տարվա ընթացքում։

Բանկին հասանելի կայուն միջոցների կազմում ընդգրկվում են բանկի կապիտալի գործիքները, ինչպես նաև հաշվեկշռային և արտահաշվեկշռային պարտավորությունները։ Բանկին անհրաժեշտ կայուն միջոցների կազմում ընդգրկվում են բանկի հաշվեկշռային և արտահաշվեկշռային ակտիվները։

Նվազագույն սահմանաչափը սահմանված է 100%, ինչը նշանակում է, որ բանկը պետք է ունենա բավարար երկարաժամկետ և կայուն ֆինանսավորում՝ իր ակտիվների և պարտավորությունների ապահովման համար։

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մեկնաբանությամբ՝ զուտ կայուն ֆինանսավորման գործակիցը բանկերի համար հիմնական պաշտպանական գործիք է, որը պարտադրում է, որ հասանելի կայուն միջոցները մշտապես բավարարեն կամ գերազանցեն անհրաժեշտ կայուն միջոցները։ Սա ապահովում է բանկային համակարգի երկարաժամկետ կայունությունը, նվազեցնում է համակարգային ռիսկերը և բարձրացնում է վստահությունը թե՛ հաճախորդների, թե՛ միջազգային գործընկերների շրջանում։


«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել  


Հաշվի առնելով վերոգրյալը՝ դիտարկենք, թե ՀՀ առևտրային բանկերում 2026թ․ առաջին եռամսյակում որքան է կազմել զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվը․

Նկատենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Արցախբանկի հաշվետվություններում զուտ կայուն ֆինանսավորման գործակիցը ներկայացված չէ։ Մյուս բանկերի հաշվետվությունների համաձայն՝ 2026թ․ առաջին եռամսյակում զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվի խախտում չի արձանագրվել։


Առաջընթաց՝ ամեն օր. Ամիօ բանկը անցնում է համակարգային թվայնացման


Էվոկաբանկի պարագայում արձանագրվել է ցուցանիշի առավելագույն մակարդակը՝ 153․32%։ Վերջինս 2025թ․ առաջին եռամսյակի մակարդակի համեմատ նվազել է 13․26 տոկոսային կետով։

Երկրորդ հորիզոնականում է Արմսվիսբանկը՝ ցուցանիշի  153․12% արդյունքով։ Վերջինս 2025թ․ առաջին եռամսյակի համեմատ աճել է 13․01 տոկոսային կետով։

Երրորդ տեղում է Բիբլոս Բանկ Արմենիան, որի դեպքում հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (բոլոր արժույթներով) 2026թ․ առաջին եռամսյակում կազմել է 150․72%՝ 2025թ․ առաջին եռամսյակի համեմատ աճել է 0․17 տոկոսային կետով։

2026թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ զուտ կայուն ֆինանսավորման գործակցի ամենամեծ աճն արձանագրվել է ԱյԴի Բանկի պարագայում՝ 22․7 տոկոսային կետով, իսկ անկում՝ 17․15 տոկոսային կետով՝ ԱրարատԲանկի դեպքում։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026թ․ առաջին եռամսյակում Հայաստանի բանկային համակարգում զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվի խախտում չի արձանագրվել, ինչը վկայում է ոլորտի հարաբերական կայունության և երկարաժամկետ ֆինանսավորման բավարար մակարդակի մասին։

Միևնույն ժամանակ, առանձին բանկերի միջև նկատվող տարբերությունները ցույց են տալիս, որ կայուն ֆինանսավորման կառավարման արդյունավետությունը շարունակում է մնալ մրցակցային կարևոր առավելություն։ 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *