Իշխանությունները հասկացել են, որ ՀՀ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու, փորձում են խոչընդոտել. Ալիկ Ալեքսանյան

«Ուժեղ Հայաստան» ունենալու համար անհրաժեշտ են փոփոխություններ, և այդ փոփոխությունները պետք է իրականացվեն Սամվել Կարապետյանի հետ:

Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ցույցի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ հասարակությունն արդեն կատարել է իր ընտրությունը։

«Մեր ժողովուրդը որոշել է, որ իրեն պետք են փոփոխություններ, և այդ փոփոխությունները պետք է Սամվել Կարապետյանի հետ։ Մենք բազմիցս հայտարարել ենք և ներկայացրել ենք մեր տեսլականը՝ ինչպիսին պետք է լինի ուժեղ Հայաստանը՝ հայամետ, ուժեղ անվտանգությամբ և երկարատև խաղաղությամբ։ Մենք ուզում ենք լինել ուղիղ մեջքով կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»,- ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե 44-օրյա պատերազմից և ՀԱՊԿ-ի արձագանքից հետո Հայաստանում առկա է բացասական վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ, և Վլադիմիր Պուտինի հնարավոր անուղղակի աջակցությունը կարող է ազդել ընտրողների վրա, Ալեքսանյանը նշեց, որ իրենց դիրքորոշումը հստակ է և բազմիցս ներկայացված։

Միաժամանակ, խոսելով խորհրդարանում քննարկվող նախագծի մասին, որով առաջարկվում է քաղաքական ուժերի անվանումներում չներառել անձանց անուններ, Ալեքսանյանը հայտարարեց, որ այն ուղղակիորեն կապված է իրենց քաղաքական ուժի հետ։

«Սա ուղիղ կապ ունի մեզ հետ։ Իշխանությունների մոտ վախի մթնոլորտ է ձևավորվել, նրանք արդեն հասկացել են, որ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և փորձում են տարբեր միջոցներով խոչընդոտել փոփոխություններին»,- ասաց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *