Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) լիարժեք մասնակցությունը վերականգնելու հնարավորությունը պահպանվում է, սակայն ոչ ոքի հարկադրաբար չեն պահի կազմակերպությունում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ամեն դեպքում, Երևանը ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը վերադառնալու հնարավորություն ունի։ Բայց, ըստ էության, ոչ ոքի հարկադրաբար չեն պահի կազմակերպությունում»,- ընդգծել է դիվանագետը։
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության համատեքստում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ արևմտյան երկրները փորձում են «ներթափանցել տարածաշրջան»:
Դիվանագետի խոսքով՝ այդ երկրները չեն կարող և մտադիր էլ չեն ապահովել տարածաշրջանի կայունությունը։
Զախարովայի խոսքով՝ Երևանը կարող է իր դիրքորոշումը հստակեցնել նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդակցության ժամանակ։