ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող խաղաղարար ջանքերը։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի՝ օտարերկրյա երկրների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Դմիտրիևը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ Ալյոշկիում հրադադարի հաստատմանն աջակցելու համար։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Մելանյա Թրամփին՝ Ալյոշկիում իրավիճակի կարգավորման գործում նրա նշանակալի մարդասիրական դերի համար։ Նա կարևոր դեր է խաղացել առաքելության համակարգման և Ռուսաստանի ու Ուկրաինայի ընտանիքների վերամիավորման գործում»,-հավելել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Պուտինն անձամբ է հրահանգներ տվել այդ բնակավայրում հրադադարի հաջող հաստատման համար։