ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ամենայն հավանականությամբ, հրաժարական կտա՝ 2028 թվականին ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար։
Այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է բրիտանական The Independent պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ինչպես ասում են իրազեկ աղբյուրները, Ռուբիոն պատրաստվում է պայքարել 2028 թվականի նոյեմբերին Հանրապետական կուսակցության թեկնածուի կարգավիճակի համար, ընդ որում՝ այս պահին նրա գլխավոր մրցակիցը գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է»,- գրում է պարբերականը։
The Independent-ի աղբյուրների կարծիքով՝ Ռուբիոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայիս կառավարության հինգ անդամներից մեկն է, որոնք պատրաստվում են «փախուստի դիմել»՝ միջանկյալ ընտրություններում հանրապետականների նվաստացուցիչ պարտությունից հետո։
Վաշինգտոնում պարբերականի աղբյուրներից մեկը հայտարարել է, որ Ռուբիոյին անհրաժեշտ է «հեռու մնալ Իրանի հետ պատերազմից և ամբողջ մեղքը բարդել Թրամփի վրա»։
«Նրա համար միանգամայն տրամաբանական է հրաժարական տալն ու վարչակազմից հեռանալը։ Ռուբիոն այս պահին որպես կուսակցության թեկնածու առաջադրվելու գլխավոր հավակնորդն է։ Նա հաստատ առաջ է Վենսից։ Բայց նա չի կարող առաջադրվել, քանի դեռ զբաղեցնում է պետքարտուղարի պաշտոնը, իսկ վարչակազմի հետ կապը, ամեն դեպքում, միայն կվնասի նրա հեռանկարներին»,- The Independent-ին անանունության պայմանով ասել է Ռուբիոյի կողմնակիցներից մեկը։
Հանրապետականների ճամբարից պարբերականի մեկ այլ աղբյուր նույնպես հաստատել է, որ Թրամփի կաբինետի 4-5 անդամներ «փախուստի կդիմեն»։
«Ռուբիոն կհեռանա միջանկյալ ընտրություններից հետո։ Նրանցից մոտ չորսը կամ հինգը փախուստի կդիմեն։ Երկիրն ամբողջությամբ շրջվել է Թրամփի դեմ։ Մարդիկ նույնիսկ չեն կարող քարտեզի վրա ցույց տալ, թե որտեղ է գտնվում Իրանը, և չեն հասկանում այս պատերազմի իմաստը։ Բենզինի գներն իսկապես մարդկանց կատաղեցրել են»,- եզրափակել է նա։