2027-ից քաղաքացիներն առողջության ապահովագրության 6,000 դրամը կվճարեն սեփական միջոցներից

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում 2026 թվականին 200,000-ից 500,000 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ ստացած անձանց ամսական 10,800 դրամ ապահովագրավճարից 6,000 դրամը վճարվել է պետական բյուջեից։

Ինչպես օրենքի ընդունման ժամանակ նշվել էր, 2027 թվականից այդ 6,000 դրամն այլևս ուղղակիորեն չի վճարվելու պետական բյուջեից, և քաղաքացիներն այն պետք է վճարեն սեփական միջոցներից՝ հետագայում սոցիալական ծախսերով հետ ստանալու հնարավորությամբ։

Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ նշելով, որ այդ նպատակով նախատեսվում է փոփոխություն կատարել Կառավարության թիվ 1067-Ն որոշման մեջ։

«Ըստ այդ փոփոխության՝ 2026 թվականի ընթացքում պետական բյուջեից վճարված ապահովագրավճարները ևս կհամարվեն առողջապահական սոցիալական ծախս, և քաղաքացիները, 2027 թվականին ներկայացնելով 2026 թվականի եկամուտների հայտարարագիրը, հնարավորություն կունենան ստանալու այդ գումարների փոխհատուցումը։

Ինչ վերաբերում է «Միր»-ի թղթակցի այն դիտարկմանը, որ մարդիկ կկարողանան կրթության ծախսերի փոխ­հա­տուցման համար ստանալ ընդամենը 28000 դրամ, ապա հարկ է նկատել, որ 2026 թվա­կանի հաշվետու տարվա համար որպես սոցիալական ծախս սահմանվող 6,000 դրամ գումարները ֆիզիկական անձինք իրենց միջոցներից չեն վճարել (վճարվել է պետական բյու­ջեից), այսինքն՝ այդ բեռը ֆիզիկական անձինք չեն կրել»,– պարզաբանում են նախարարությունից։

Նշվում է, որ քննարկվում է նաև փոխհատուցման առավելագույն չափերը քաղաքացիների եկամուտների մակարդակով պայմանավորելու հնարավորությունը։ Նախատեսվում է, որ ցածր և միջին եկամուտներ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան ավելի մեծ չափով սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու, քան բարձր եկամուտներ ունեցողները։

Այս փոփոխությունները, ֆիննախի հաղորդմամբ, նախատեսվում է կիրառել այն սոցիալական ծախսերի նկատմամբ, որոնք կատարվելու են 2027 թվականի հաշվետու տարվա ընթացքում, որի հայտարարագիրը ներկայացվելու է 2028 թվականի ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *