Վեհափառ Հայրապետի և բարձրաստիճան հոգևորականների գործով դատական նիստի ձգձգումը նպատակ ունի նրանց ավելի երկար պահել ճնշման տակ և խոչընդոտել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործունեությունը, մասնավորապես՝ արտերկրի թեմերում հովվապետական առաքելություն իրականացնելը։ Այս մասին դատական նիստից հետո հայտարարել է Վեհափառի պաշտպան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ մեղադրող և տուժող կողմերի ներկայացուցիչների՝ դատական նիստին չներկայանալը կարող է վկայել գործի քննությունը ձգձգելու միտումի մասին։
«Մենք կարծում ենք, որ այստեղ իրենք միտում ունեն ձգձգելու այս գործի քննությունը։ Ակնհայտ է, որ Վեհափառ Հայրապետը և մյուս եպիսկոպոսները մեղադրվում են իրենց կանոնական լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, ինչը դատական ակտի խոչընդոտման հետ որևէ կապ չունի»,- նշել է պաշտպանը։
Զոհրաբյանը հիշեցրել է, որ այն քաղաքացիական գործի վարույթը, որի շրջանակում դատարանը հայցի ապահովման միջոց էր կիրառել, հետագայում կարճվել է։ Նրա խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ ներեկեղեցական հարցը ենթակա չէ դատական քննության։
«Ստացվում է՝ անհիմն գործընթացի համար այսօր մեղադրում են Ամենայն Հայոց կաթողիկոսին և բարձրաստիճան հոգևորականներին»,- ասել է նա։
Պաշտպանի գնահատմամբ՝ Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների նկատմամբ կիրառված սահմանափակումները խոչընդոտում են նաև Հայ Առաքելական եկեղեցու բնականոն գործունեությանը։ Մասնավորապես՝ նրանց՝ Հայաստանից դուրս գալու արգելքի պատճառով կաթողիկոսը չի կարող հովվապետական առաքելություն իրականացնել արտերկրի թեմերում։