Քաթարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու դիվանագիտական ջանքերը։ Այս մասին նշվում է Քաթարի էմիրի գրասենյակի հայտարարությունում։
Կողմերը նաև քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները և դրանք ավելի ամրապնդելու ուղիները։
Առաջնորդները քննարկել են Իրանի շուրջ լարվածությունը նվազեցնելու միջազգային, այդ թվում՝ Քաթարի ջանքերը՝ համաձայնեցնելու շահագրգիռ կողմերի դիրքորոշումները և նպաստելու բանակցություններին՝ համապարփակ համաձայնագրի հասնելու համար, որը կլուծի ճգնաժամը և կապահովի տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը։
Քաթարի էմիրն ընդգծել է երկխոսության շարունակականության և դիվանագիտական միջոցների օգտագործման կարևորությունը՝ տարաձայնությունները լուծելու և հետագա սրացումը կանխելու համար։ Նա նաև նշել է նավարկության ազատության և էներգամատակարարման անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։