
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ընդդիմադիր ուժերի ձևաչափը, որի մասին հայտարարվեց նոյեմբերի 4–ի ուշ երեկոյան, անկասկած ենթարկվելու է տարբեր «տեխնոլոգիական» թիրախավորումների, այդ թվում առանցքայիններից մեկը կլինի այն, որ փորձ կարվի խաղարկել այնտեղ գտնվող ուժերի միջև նախկին հարաբերությունների բարդությունը կամ խնդիրները։ Օրինակ՝ ՀԱԿ–ՀՅԴ, կամ ՀԱԿ–Հայաստան դաշինք, ՀԱԿ–ՀՀԿ։ Այլ կերպ ասած, իշխանությունը մեծ թերևս կփորձի թիրախավորել «նախկինի» թեմայով։
Ու այստեղ առաջանում է շատ կարևոր մարտահրավեր։ Արդյո՞ք ներգրավված ուժերն ի վիճակի են լինելու՝ նախ միմյանց հետ պայմանավորվել այդ թեմաներին արձագանքի մասով, իսկ ավելի կոնկրետ՝ այդ թեմաների ծուղակում չհայտնվելու մասով։
Հարցը հետևյալն է՝ ընդդիմության ջանքերի մեկտեղումը պետք է պարունակի աշխատանքի ապագայի ուղղությամբ, ապագայի մասին, աշխատանք դրա վերաբերյալ հանրության հետ երկխոսությունը հագեցնելու, ներառականությունը բարձրացնելու ուղղությամբ։ Իշխանությունը բնականաբար ձգտելու է անել հակառակը և այդ ձևաչափը անընդհատ պահել «անցյալում», թե բովանդակության, թե աշխատանքի մեթոդաբանության իմաստով։ Իսկ դա նշանակում է, որ անընդհատ ստիպելու են այնտեղ ներգրավված ուժերին արդարանալ, անընդհատ արդարանալ, թե չեն հրաժարվել անցյալի սկզբունքներից, չեն հրաժարվել մոտեցումներից և անհամաձայնություններից, չեն մոռացել նախկին «նեղացածությունները» կամ հակադրությունները, և այլն, և այլն։
Հասկանալի է, որ իշխանությունը այդպես է փորձելու պաշտպանել իրեն, իր դիրքերը։ Հենց ընդդիմադիր ձևաչափում ներգրավված ուժերը սկսեցին արդարանալ ամեն մի իշխանական հայտարարությունից, լուրից, գնահատականից, «բամբասանքից» հետո, կարող են համարել «ջանքերի մեկտեղումը» վերջացած։ Հետևաբար, սա կարևոր մարտահրավերներից մեկն է՝ որքան իշխանությունը կփորձի իրենց քաշել անցյալ, իրենք մնան ներկայում և խոսեն ապագայի մասին, որքան իշխանությունը կստիպի արդարանալ, իրենք խոսեն պայմանավորվելու և դր արժեքային ու գաղափարական ուղենշային ընդհանուր միջավայր ձևավորելու մասին, մարտահրավերների և դրանց լուծման ուղղությամբ կոնկրետ քայլերի մասին, խաղաղության որակական վերափոխման և բալանսավորվածության վերականգնման մասին։
Կրկնեմ, հենց սկսեցին արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված»։