Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ կարող է որոշում ընդունել՝ Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Հայաստանն արդեն ավելի քան երկու տարի չի վճարում անդամավճարները, ուստի լիովին հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը, ավելի ճիշտ՝ ձայնի իրավունքից զրկելու հարցը՝ մինչեւ անդամավճարների վճարումը։ Սա միանգամայն տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, դրա կոնկրետ հոդվածով։ Այնպես որ, հնարավոր է՝ այսպիսի ելք լինի, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։

Պանկինը նշել է, որ Ռուսաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում եւ պատասխանատվություն է կրում օրակարգի ամբողջության համար։

«Տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողով, որին նախորդելու է արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների եռակողմ հանդիպումը։ Հայաստանի հարցը գուցե ամենագլխավորը չէ, բայց այն կարող է հանրության համար ամենահետաքրքիրը լինել, քանի որ ՀԱՊԿ-ը համագործակցության, համատեղ խնդիրների եւ նպատակների մասին է»,- նշել է նա։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։

Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ինչի մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին։

«ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- հայտարարել էր Հայաստանի կառավարության ղեկավարը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *