«ՄԻՊ-ը ոչ թե կարող է, այլ պարտավոր է պաշտպանել Հայաստանի քաղաքացիների իրավունքները նաև երկրի սահմաններից դուրս»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով գործող ՄԻՊ Անահիտ Մանասյանի այն հայտարարությանը, թե իր լիազորությունները տարածվում են կոնկրետ պետության տարածքում։
Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 8-րդ կետը հստակ սահմանում է, որ Հայաստանի քաղաքացիները գտնվում են պետության պաշտպանության ներքո նաև այն դեպքում, երբ գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս։
Նրա խոսքով՝ Սահմանադրության 191-րդ հոդվածով Մարդու իրավունքների պաշտպանը համարվում է Հայաստանի պաշտոնատար անձ, հետևաբար այդ դրույթները վերաբերում են նաև ՄԻՊ ինստիտուտին։
«Ես երկու օր առաջ ավելի մեղմ ձևակերպմամբ ասել էի, որ հնարավոր է՝ տեղյակ չէ կամ նման դեպքի չի հանդիպել։ Բայց հիմա արդեն պետք է հստակ ասեմ՝ տվյալ դեպքում Մարդու իրավունքների պաշտպանը իր անգործությամբ ոտնահարում է Հայաստանի քաղաքացիների իրավունքները»,- նշեց Ալավերդյանը։
Նախկին ՄԻՊ-ը հիշեցրեց նաև սեփական փորձը՝ նշելով, որ իր պաշտոնավարման տարիներին նման նախադեպ եղել է Գուրգեն Մարգարյանի սպանության գործով։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ Հայաստանի ՄԻՊ գրասենյակը ներգրավվել է գործընթացում, ներկայացուցիչ է ուղարկել դատական նիստերին և միջազգային համագործակցության մեխանիզմներ կիրառել։
«Մենք համագործակցել ենք ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի օմբուդսմենների հետ։ Գոյություն ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանների եվրոպական ինստիտուտ, որի անդամ է նաև Հայաստանը։ Մարդու իրավունքների պաշտպանությունը լայն միջազգային համագործակցության ոլորտ է»,- ասաց նա։
Ալավերդյանի գնահատմամբ՝ գործող ՄԻՊ-ի այս դիրքորոշումը չի բխում ոչ իրավական, ոչ էլ պետական շահերից։
«Այստեղ խոսքը բարոյականի մասին չէ միայն։ Խոսքը իրավական պարտականության մասին է։ Այս դեպքում ՄԻՊ-ը ոչ թե կարող է, այլ պարտավոր է գործել»,- ընդգծեց նա։