Նոյեմբերի 4-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում հրապարակված The World’s 50 Best Restaurants 2026 վարկանիշային աղյուսակում առաջին անգամ ընդգրկվել է Բրյուսելի Bozar ռեստորանը՝ միանգամից զբաղեցնելով 42-րդ տեղը։ Այս ուշագրավ արդյունքը ռեստորանը դասում է աշխարհի լավագույններից մեկը և Բելգիայի մայրաքաղաքը կրկին հայտնվում է միջազգային բարձրակարգ գաստրոնոմիայի քարտեզում․ գրում է lofficiel.be–ն։
Այս հաջողության հետևում մեկ մարդ է՝ հայազգի շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանը։ Ծնվելով Վրաստանում՝ հայկական ծագում ունեցող ընտանիքում, խոհարարը 18 տարեկանում տեղափոխվել է Բրյուսել։ Այստեղ նա սկսել է իր կարիերան որպես աման լվացող, ապա ուշագրավ վճռականությամբ աստիճանաբար առաջընթաց գրանցել գաստրոնոմիայի ոլորտում։ 2010 թվականին նա ստանձնել է Bozar-ի խոհանոցի ղեկավարումը։ Ութ տարի անց կնոջ և գործընկերոջ՝ Նանի-Լիի հետ ձեռք է բերել ռեստորանը՝ այն դարձնելով իր ոճն ու ձեռագիրը կրող հաստատություն։
Արդյունքների հրապարակումից հետո Կարեն Թորոսյանն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով թիմին․
«Իմ ամենամեծ հպարտությունը ոչ թե մրցանակներն են, այլ այն ուղին, որը մենք կառուցել ենք իմ կնոջ և գործընկերոջ՝ Նանի Լի Թորոսյանի հետ միասին: Մենք մշտապես առաջարկել ենք այնպիսի խոհանոց, որն արժևորում է վարպետությունը՝ առաջնորդվելով նվիրվածությամբ, խստապահանջությամբ, գիտելիքով, կատարելության ձգտումով, ճշգրտությամբ և համառությամբ: Եվ մենք շարունակելու ենք նույն ոգով՝ միասին, ամեն օր ձգտելով դառնալ ավելի լավը», – գրել է Թորոսյանը:
Նշենք, որ Կարեն Թորոսյանը Gault & Millau Belgium-ի կողմից ճանաչվել էր 2026 թվականի «Լավագույն խոհարար՝» արժանանալով եվրոպական գաստրոնոմիայի ամենահեղինակավոր պարգևներից մեկին` «խոհարարական Օսկարի»: