Ռուսաստանում ավտոմատ լարանադրման համակարգով զրահաբաճկոն են մշակել

«Ռոստեխ» պետական կորպորացիայի կազմում գործող «Օկտավա» ձեռնարկությունում արդիականացրել են «Օբերեգ ԳՌ» զրահաբաճկոնը՝ այն համալրելով ավտոմատ լարանադրման ինտեգրված համակարգով, որը կրիտիկական իրավիճակներում արագորեն դադարեցնում է արյունահոսությունը։ Զրահաբաճկոնն առաջին հերթին նախատեսված է հումանիտար ականազերծման մասնագետների համար։

Արդիականացված «Օբերեգ ԳՌ»-ն աշխատում է կենցաղային ճնշաչափի սկզբունքով։ Զրահաբաճկոնը հագնելիս սակրավորը միաժամանակ ձեռքերին ու ոտքերին ամրացնում է օդաբարձիկներով թեզանիքները։ Հավաքածուն ներառում է նաև մարտկոցով պոմպ, որը տեղադրված է թիկունքի հատվածում, և խողովակների համակարգ։ Անհրաժեշտության դեպքում այդ խողովակներով օդ է մղվում՝ թեզանիքները փչելու համար։

Կառավարման վահանակը գտնվում է կրծքագրպանում։ Այն հանելու համար անհրաժեշտ է քաշել հատուկ քուղը։ Վիրավոր վերջույթին լարան դնելու համար սեղմվում է կառավարման վահանակի չորս կոճակներից մեկը, գրում է «Техкульт»-ը։ Օգնության հասնելուց հետո թեզանիքն արձակվում է, կամ բացվում է օդը բաց թողնելու փականը։ Արտակարգ դեպքերում օդաճնշական լարանը կտրվում է։

Զրահաբաճկոնին կցվում են С2 և Бр1+ հատուկ բալիստիկ փաթեթներ, որոնք դիմանում են ատրճանակի գնդակների, նռնակների և հակահետևակային ականների բեկորների հարվածներին։ Սաղավարտի և դիմապանակի հետ միասին այն ծածկում է բոլոր բաց հատվածները, պաշտպանում աճուկն ու ազդրերի ներքին մակերեսները։ «Օբերեգ ԳՌ»-ն հարմարավետ է, կշռում է ընդամենը 5 կգ և չի կաշկանդում շարժումները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *