Սպիտակ տան մոտ ձերբակալել են մինչև ատամները զինված վենեսուելացու, որը հայտնել է Թրամփին սպանելու կոչ անող ձայներ լսելու մասին

Վենեսուելայի քաղաքացի Ռոննի Յորդրիքս Գուանիպա Կրինոսին ձերբակալել են Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ, այն բանից հետո, երբ նա Գաղտնի ծառայության աշխատակիցներին հայտնել է, որ ձայներ է լսում, որոնք իրեն կոչ են անում սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը։

Գերատեսչության տվյալներով՝ հինգշաբթի երեկոյան Գաղտնի ծառայության աշխատակիցների ուշադրությունը գրավել է մի տղամարդ, որը գտնվել է Սահմանադրության պողոտայում կայանված ավտոմեքենայում։ Ըստ դատական փաստաթղթերի՝ 26-ամյա Կրինոսը քնած է եղել կապույտ Ford F-150 պիկապում, որի առևանգման մասին ավելի վաղ հաղորդում էր ստացվել։

Սկզբում աշխատակիցները ստուգել են՝ արդյոք տղամարդն օգնության կարիք ունի։ Սակայն այնուհետև նա Google Translate-ի միջոցով հայտնել է, որ ձայներ է լսում, որոնք իրեն հրամայում են գալ Վաշինգտոն և սպանել Թրամփին։ Քննության տվյալներով՝ տղամարդը նաև հայտարարել է, որ ցանկանում է իշխանություններին հանձնել իր մոտ եղած զենքը։

Ավտոմեքենայի խուզարկության ժամանակ աշխատակիցները հայտնաբերել են AR-15 տիպի ավտոմատ հրացան, MAC-10 ատրճանակ-գնդացիր, Glock 43X ատրճանակ և ռազմամթերք։ Կրինոսի խոսքով՝ զենքը նա ձեռք է բերել մոտ մեկ ամիս առաջ, իսկ ինքը բնակվել է ավտոմեքենայում։

Տղամարդուն մեղադրանքներ են առաջադրվել զենքի ապօրինի կրման և փոխադրման, չգրանցված հրազենի և ռազմամթերքի պահման, ինչպես նաև տրանսպորտային միջոցի ապօրինի օգտագործման և գողացված գույք ստանալու համար։

Ներքին անվտանգության նախարարության տվյալներով՝ Կրինոսը 2024 թվականին ապօրինի մուտք է գործել ԱՄՆ, ձերբակալվել սահմանապահ ծառայության կողմից, ապա ազատ արձակվել։ Ուրբաթ օրվա դրությամբ նա շարունակում էր կալանքի տակ մնալ։ Դաշնային դատախազներն ուսումնասիրում են գործի նյութերը, իսկ դատական նիստը նշանակված է երկուշաբթի։

Գաղտնի ծառայության տնօրեն Շոն Քարանը հայտարարել է, որ այս դեպքն ընդգծում է պոտենցիալ վտանգավոր իրավիճակները կարգավորելու համար աշխատակիցների պատրաստվածության կարևորությունը։ Միաժամանակ նա մտահոգություն է հայտնել սպառնալիքների թվի աճի կապակցությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *