Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Մեծամոր քաղաքի երկու բնակիչ, որոնք նախկինում դատապարտվել էին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շուրջ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց նախապատրաստվում են սպանել Երևանի մի բնակչի․ հայտնում է Ոստիկանությունը։

«Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ երկու տղամարդիկ նախապատրաստվում էին սպանել նաև Արմավիրի մարզի Արգավանդ բնակավայրի մի բնակչի։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 6-ին ձերբակալվել են սպանության նախապատրաստության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երեք տղամարդիկ։

Այսպիսով՝ Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձանց նկատմամբ ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում կանխվել է նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության կատարումը։

Բացի այդ, ձերբակալվածներից մեկին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ։ Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ այն նույն օրը Փարաքար բնակավայրում տղամարդուն իրացրել էր մեկ այլ քաղաքացի։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,-ասված է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *