Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի

Ավստրիական Ալպերում գտնվող Շվարցմիլցֆերները անոմալ շոգ ամռանից հետո կորցրել է սառցադաշտի կարգավիճակը։ Մի քանի տաք ամիսների ընթացքում դրա հաստությունը նվազել է ավելի քան չորս մետրով, իսկ սառույցի ծավալը կրճատվել է գրեթե կիսով չափ, ասվում է Բավարիայի գիտությունների ակադեմիայի հաղորդագրության մեջ։

Բավարիայի գիտությունների ակադեմիայի սառցադաշտագետ Քրիստոֆ Մայերի խոսքով՝ սառցադաշտի ամբողջական անհետացումը սպասվում է մինչև հաջորդ ամառ։

Մայերն ու նրա գործընկերները 26 տարի շարունակ հետևել են Շվարցմիլցֆերներին, որը համարվում էր Ալգաուի Ալպերի ավստրիական հատվածի վերջին սառցադաշտը։ Սառցային զանգվածի զգալի կորուստ է արձանագրվում 2016 թվականից, իսկ 2022 թվականից գործընթացն արագացել է։

«Այդ ժամանակվանից պարզ դարձավ, որ սառցադաշտի օրերը հաշված են», — նշել է գիտնականը։

Սառցադաշտի հիմնական հատկանիշներից է ոչ միայն սառույցի առկայությունը, այլև դրա շարժումը։ Շվարցմիլցֆերներն այլևս չի շարժվում, ուստի կորցրել է սառցադաշտին բնորոշ կարևոր հատկանիշներից մեկը։

Այն գտնվում է ծովի մակարդակից մոտ 2450 մետր բարձրության վրա՝ Ավստրիայի և Գերմանիայի սահմանից ոչ հեռու։ Սակայն դրա հետ կատարվողը բացառություն չէ․ ալպյան փոքր սառցադաշտերն անհետանում են ամեն տարի։

«Նույնիսկ եթե ձմռանը առատ ձյուն է տեղում, սառցային զանգվածներն արագ կրճատվում են։ Ամառը դրանց համար չափազանց շոգ է դարձել», — պարզաբանել է Մայերը՝ այս միտումը գործնականում անշրջելի անվանելով։

Սառցադաշտագետի գնահատմամբ՝ ներկայիս միտումների պահպանման դեպքում Արևելյան Ալպերը կարող են ամբողջությամբ զրկվել սառցադաշտերից 2060–2070 թվականներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *