2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունը՝ հազարավոր մեր հերոսների զոհողություններից հետո, դարձավ Հայաստանի և Արցախի նորագույն պատմության ամենածանր շրջադարձերից մեկի սկիզբը։ Դրան հաջորդեցին նոր ծանր հետևանքներ՝ Արցախի կորուստ, հայրենակիցների բռնի տեղահանություն ու Հայաստանի անվտանգության համակարգի թուլացում։ Այս մասին ասված է «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարության մեջ:
«Հիշո՞ւմ եք՝ ինչ էր հայտարարում Նիկոլ Փաշինյանն այդ գիշեր․ «Արցախը կանգուն է, կեցցե՛ Արցախը»։ Վեց տարի անց Արցախը հայաթափված է, իսկ մեր հազարամյա ներկայությունն այնտեղ՝ ընդհատված։ Խոստացված վերածննդի փոխարեն Հայաստանը շարունակում է կանգնել նոր զիջումների և անվտանգության սպառնալիքների առաջ։
Խորհրդանշական է, որ ազգային արժեքների և պատմական ժառանգության պաշտպանության համար պայքարող Սամվել Կարապետյանն այսօր անազատության մեջ է, իսկ նրա ընտանիքի միջոցներով կառուցված Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Դրա վերաբացումն Ալիևի կողմից ևս մեկ հայկականի յուրացում է։
Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր։
Խաղաղությունը չի կարող կառուցվել միակողմանի զիջումների և ազգային շահերի հաշվին։ Սահմանադրությունը արտաքին պահանջներին համապատասխան փոխելը ոչ թե խաղաղության, այլ ինքնիշխանության թուլացման վտանգավոր ճանապարհ է։
«Ուժեղ Հայաստանը» կողմ է արժանապատիվ և կայուն խաղաղությանը՝ հիմնված միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և իրավահավասարության վրա։ Մեզ անհրաժեշտ են անվտանգ սահմաններ, անկախ պետականություն և ազգային համախմբում։ Հայաստանի ապագան պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը»։