Արվեստանոց՝ սեփական գյուղում  | Top-News.am


Մշակույթ


19-ամյա Կարինե Մարտիրոսյանը որոշել է իր ստեղծագործական գաղափարը կյանքի կոչել հենց հայրենի Ծաղկունքում՝ Սևանի տարածաշրջանի գյուղերից մեկում։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի արդյունաբերական դիզայնի բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհին հիմնադրել է LumiArt Studio արվեստանոցը՝ նպատակ ունենալով գյուղում ստեղծել մի միջավայր, որտեղ երեխաներն ու երիտասարդները կկարողանան զբաղվել արվեստով, բացահայտել իրենց տաղանդներն ու զարգացնել ստեղծագործական ունակությունները։

LumiArt-ի պատմությունը սկսվել է հեղինակային մոմագործության, գիպսե և կավե ձեռագործ աշխատանքների փոքրիկ նախագծից։ Ժամանակի ընթացքում գաղափարն ընդլայնվել է, և փոքրիկ նախաձեռնությունը վերածվել է արվեստանոցի՝ արդեն սեփական տարածքով։ 

Կարինեի համար Lumi-ն պարզապես անվանում չէ․ այն լույսի ու ջերմության խորհրդանիշ է։ Նա երազել է ունենալ մի անկյուն, որտեղ այդ լույսը չի սահմանափակվի միայն մոմերով, այլ կտարածվի իր համայնքում՝ Ծաղկունքում՝ մարդկանց միավորելով արվեստի ու ստեղծագործական միջավայրի շուրջ։

Արվեստանոցում նախատեսվում են նկարչության, դեկորատիվ արվեստի և ձեռագործության դասընթացներ, ինչպես նաև թատերական խմբակների գործունեություն։ Կկազմակերպվեն վարպետաց դասեր, ցուցադրություններ ու ստեղծագործական հանդիպումներ։

Նախաձեռնության նպատակներից մեկն էլ Ծաղկունքի երեխաների և երիտասարդների համար արվեստով զբաղվելու ավելի մատչելի հնարավորություններ ստեղծելն է։ Այլևս դրա համար նրանք ստիպված չեն լինի գյուղից հեռու գնալ. ստեղծագործելու և իրենց ունակությունները զարգացնելու միջավայրը հասանելի կլինի հենց իրենց համայնքում։

Կարինեի համար արվեստանոցը նաև սեփական մասնագիտական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն է։ Արդյունաբերական դիզայնի ուսանողուհին իր կրթությունն ու ստեղծագործելու նկատմամբ սերը համատեղում է՝ փորձելով կյանքի կոչել մի գաղափար, որը կարող է նպաստել նաև գյուղի մշակութային կյանքի աշխուժացմանը։ «Սա փոքրիկ մի քայլ է, բայց ես հավատում եմ, որ մեծ պատմությունները սկսվում են փոքրիկ քայլերից։ Այս արվեստանոցը ստեղծված է սիրով՝ մեր երեխաների ու մեր համայնքի համար», – ասում է Կարինեն

LumiArt Studio-ի պատմությունը դեռ նոր է սկսվում։ Սակայն Կարինեի նախաձեռնությունն արդեն ցույց է տալիս, որ համայնքում նոր հնարավորություններ ստեղծելու համար երբեմն բավական է մեկ երիտասարդի գաղափարն ու այն կյանքի կոչելու վճռականությունը։ 

Այսպիսի նախաձեռնությունները հատկապես կարևորվում են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում հնարավորությունների մեծ մասը կենտրոնացած են մայրաքաղաք Երևանի շուրջ։ Ուստի նման մտահղացումների հեղինակներին անհրաժեշտ է խրախուսել և քաջալերել:

Արմեն Խեչումյան




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *