Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա քիբերհարձակումների համար

Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա քիբերհարձակումների համար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ երկրի սուպերմարկետների սառնարանային սարքավորումների վրա իրականացված մի շարք քիբերհարձակումների հետևում կանգնած է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Այս մասին նախարարը հայտնել է Փարիզում կայացած «Մեծ յոթնյակի» (G7) նախարարական հանդիպմանը հաջորդած ելույթում։
     Բարոյի խոսքով՝ Ֆրանսիան արդեն իսկ հետաքննություն է վարում, իսկ Իրանի դեսպանը կկանչվի ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու։ Նա նաև ընդգծել է, որ Փարիզը համապատասխան միջոցներ կձեռնարկի մեղավորների դեմ՝ նախաձեռնելով պատժամիջոցների սահմանում եվրոպական մակարդակով։
     Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած պաշտոնական հայտարարության համաձայն՝ հարձակումներն իրականացրել է «Շահիդ Քավեհ» քիբերստորաբաժանումը, որը փոխկապակցված է ԻՀՊԿ-ի էլեկտրոնային և քիբերանվտանգության կենտրոնի հետ։ ԱԳՆ-ում նշել են, որ քիբերհարձակումների հետևանքով հասցվել է «զգալի նյութական վնաս, այդ թվում՝ գրանցվել են հրդեհներ, իսկ փչացած սննդամթերքի և այլ ապրանքների տեսքով կրած վնասը գնահատվում է տասնյակ միլիոնավոր եվրոներ»։
     «Այս կործանարար քիբերհարձակումներն անհիմն են, անընդունելի և կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը։ Դրանք նաև հակասում են քիբերտարածությունում պետությունների պատասխանատու վարքագծի վերաբերյալ ՄԱԿ-ի նորմատիվային սկզբունքներին, որոնց միացել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը», — ասված է հայտարարության մեջ։
     Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 12-ի գիշերը Ֆրանսիայի հարյուրավոր սուպերմարկետներ ենթարկվել էին զանգվածային քիբերհարձակման, ինչի հետևանքով շարքից դուրս էին եկել սառեցման համակարգերը։ Հաքերներին հաջողվել էր կոտրել դանիական Danfoss ընկերության սառնարանային սարքավորումների կառավարման համակարգերը և հեռավար կարգով փոխել սառնարանային ու սառցարանային խցիկների ջերմաստիճանը։ Արդյունքում՝ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում խցիկներում ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 50 աստիճանի, ինչի պատճառով խանութներն ստիպված էին եղել ոչնչացնել ողջ փչացած ապրանքը։
     Քիբերհարձակման թիրախում են հայտնվել Intermarché և Netto ցանցերի 300 խանութներ, ինչպես նաև Coopérative U ցանցի շուրջ հարյուր առևտրի կետեր։ Բացի խոշոր մանրածախ ցանցերից, հարձակումից կարող էին տուժել նաև Metro խանութներն ու անկախ առևտրի կետերը, մասնավորապես՝ մսամթերքի խանութները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *