2026 թվականի երրորդ եռամսյակում Հայաստան է մեկնել Ռուսաստանի 402,3 հազար քաղաքացի․ ԶԼՄ

2026 թվականի երրորդ եռամսյակում Սերբիա, Վրաստան և Հայաստան մեկնած Ռուսաստանի քաղաքացիների թիվը հասել է վերջին 17 տարվա առավելագույն ցուցանիշին՝ համեմատած նախորդ տարիների նույն ժամանակահատվածների հետ։ Այս մասին են վկայում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վիճակագրական տվյալները, գրում է «Վյորստկա»-ն։

Սահմանապահ ծառայության տվյալների համաձայն՝ հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Սերբիա է մեկնել Ռուսաստանի 64,8 հազար քաղաքացի։

2026 թվականի երրորդ եռամսյակում Վրաստան մեկնած ՌԴ քաղաքացիների թիվը հասել է 660,3 հազարի։

Վիճակագրության համաձայն՝ 2026 թվականի երրորդ եռամսյակում Վրաստան է մեկնել 43%-ով ավելի շատ ռուսաստանցի, քան 2022 թվականի երրորդ եռամսյակում՝ զորահավաքի ժամանակահատվածում (461,2 հազար)։ Միևնույն ժամանակ, 2022 թվականին Վրաստան մեկնողների շրջանում զգալիորեն ավելի շատ են եղել ավտոմեքենայով մեկնողները՝ 460,6 հազար՝ 2026 թվականի 418,4 հազարի դիմաց։

Նույն ժամանակահատվածում Հայաստան է մեկնել Ռուսաստանի 402,3 հազար քաղաքացի։ Համեմատության համար՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում, երբ գրանցվել էր նախորդ ռեկորդային ցուցանիշը, Հայաստան էր մեկնել Ռուսաստանի 344,7 հազար քաղաքացի, այսինքն՝ 57 հազարով պակաս։

Ինչպես Սերբիայի և Վրաստանի դեպքում, 2010 թվականից ի վեր նախորդող ոչ մի եռամսյակում Հայաստան մեկնած Ռուսաստանի քաղաքացիների թիվն այնքան մեծ չի եղել, որքան 2026 թվականին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *