ՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են Հայաստանի կողմից կազմակերպությանն անդամավճարների չվճարման հարցը. Այդ մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ստիպված էինք քննարկել Հայաստանի կողմից ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների չկատարման հարցը՝ մեր ընդհանուր կազմակերպության բյուջե տարեկան մուծումների վերաբերյալ», – նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ երկրները չորեքշաբթի կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում քվեարկության իրավունքից զրկելու հարցը։
«Որոշման նախագիծը (ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ) նախատեսում է կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքի կասեցում և նրանց քվեարկության իրավունքից զրկում մինչև պարտքի լրիվ մարումը։ Այս որոշման նախագիծը կքննարկվի նաև վաղը՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում», – նշել է Լավրովը։
Այդուամենայնիվ, Լավրովն ընդգծել է, որ նույնիսկ եթե Հայաստանը զրկվի ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից, Երևանը կպահպանի հավաքական անվտանգության պայմանագրի բոլոր հիմնարար իրավունքները, այդ թվում՝ հավաքական անվտանգության իրավունքը։