Արքայազն Հարրին հրաժարվել է տարեկան 1 միլիոն դոլար վարձատրվող պաշտոնից

Արքայազն Հարրին այլևս ամերիկյան BetterUp տեխնոլոգիական ընկերության սոցիալական ազդեցության գլխավոր տնօրենը չէ։ Սասեքսի դուքսն այժմ զբաղեցնում է «ավագ խորհրդատուի» պաշտոնը, ինչը ենթադրում է ընկերության առօրյա գործունեության մեջ ավելի քիչ ներգրավվածություն։

Daily Mail-ի տեղեկություններով՝ Հարրին նախկին պաշտոնում տարեկան վաստակում էր շուրջ 1 միլիոն դոլար։

Նա BetterUp-ին միացել էր 2021 թվականին՝ Մեգան Մարքլի հետ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից հրաժարվելուց և ԱՄՆ տեղափոխվելուց հետո։

Փոփոխությունների մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն և Հարրիի ընկեր Ալեքսի Ռոբիշոնը՝ շնորհակալություն հայտնելով արքայազնին հինգ տարվա համագործակցության համար։

«Իր նոր դերում նա կկենտրոնանա մեր խոշորագույն կորպորատիվ հաճախորդներից մի քանիսի հետ հիմնական նախագծերի վրա՝ համագործակցելով մեր թիմի և գործընկեր ընկերությունների ղեկավարների հետ»,– նշել է Ռոբիշոնը։

Նրա խոսքով՝ նոր ձևաչափը Հարրիին հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել ներդրումային պորտֆելի զարգացմանը, նոր բիզնես հնարավորությունների որոնմանը և բարեգործական նախաձեռնություններին աջակցելուն։

Արքայազնի նոր պաշտոնի վարձատրության չափը դեռ հայտնի չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *