ԱՄՆ Սահմանադրության առաջին տպագրության հազվագյուտ օրինակներից մեկը 2021 թվականի նոյեմբերի 18-ին Նյու Յորքում Sotheby’s աճուրդում վաճառվել է 43.2 միլիոն դոլարով՝ սահմանելով աճուրդում երբևէ վաճառված գրքի, ձեռագրի կամ տպագիր փաստաթղթի ռեկորդ։ Գնորդը ամերիկացի միլիարդատեր, Citadel ներդրումային ընկերության հիմնադիր Քեն Գրիֆինն էր։
Խոսքը 1787 թվականին տպագրված փաստաթղթի մասին է, որը ներկայացնում էր ԱՄՆ Սահմանադրության վերջնական տեքստը։ Այն նախատեսված էր մայրցամաքային կոնգրեսի և Ֆիլադելֆիայում սահմանադրական համաժողովի պատվիրակների համար։ Մոտ 500 օրինակ տպագրված հրատարակությունից մինչ օրս հայտնի է ընդամենը 13 պահպանված օրինակ, որոնցից միայն երկուսն էին մասնավոր սեփականության մեջ։
Աճուրդն առանձնահատուկ էր նաև այն պատճառով, որ փաստաթուղթը ձեռք բերելու համար մրցակցում էր ոչ միայն անհատ միլիարդատերը, այլև կրիպտոարժույթների հազարավոր ներդրողների միավորում։ ConstitutionDAO անվանումը ստացած նախաձեռնությունը կարճ ժամանակում կարողացել էր ավելի քան 17 հազար մասնակիցներից հավաքել 40 միլիոն դոլարից ավելի միջոցներ՝ նպատակ ունենալով գնել փաստաթուղթը և այն հասանելի դարձնել հանրությանը։ Սակայն մրցակցային պայքարում խումբը պարտվեց Քեն Գրիֆինին։
Գործարքի նախնական գնահատականը կազմել էր 15–20 միլիոն դոլար, սակայն վերջնական գինը գերազանցեց նույնիսկ առավել բարձր կանխատեսումը՝ ավելի քան կրկնակի։ Աճուրդային պայքարը տևել էր մոտ ութ րոպե։
Գնումից հետո Գրիֆինը հայտարարել էր, որ մտադիր է փաստաթուղթը ժամանակավորապես տրամադրել Crystal Bridges ամերիկյան արվեստի թանգարանին, որպեսզի այն հասանելի լինի հանրությանը։ Աճուրդից ստացված ամբողջ հասույթը նախատեսված էր Dorothy Tapper Goldman հիմնադրամի գործունեության համար, որի նպատակն է տարածել սահմանադրական սկզբունքների վերաբերյալ գիտելիքները։