Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը


Հարեվաններ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հաջող գործողություններն Աբու Դաբիում կայանալիք Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների եռակողմ հանդիպմանն ընդառաջ ամրապնդում են Կիևի դիրքերը։

Բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-11-ը. ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիները ու եվրոպական անվտանգության ընդհանուր համակարգը։

Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական բանակցային խումբն արդեն ժամանել է ԱՄԷ։ «Այժմ Աբու Դաբիի հանդիպումներում մեր թիմը դեէսկալացիայի քայլեր կառաջարկի. պետք է հստակ պատկերացում լինի, թե ինչպես կազմակերպել եռակողմ ձևաչափ առաջնորդների մակարդակով, որպեսզի այս պատերազմն իրապես ու արդարացիորեն ավարտվի», — ասել է Զելենսկին։

Ավելի վաղ նա բազմիցս նշել էր, որ ամենաբարդ հարցերը հնարավոր է լուծել միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հետ իր անձնական հանդիպման միջոցով, սակայն Մոսկվան պնդում էր, որ Զելենսկու և Պուտինի ուղիղ բանակցությունները կարող են կայանալ բացառապես Մոսկվայում։ Ուկրաինայի նախագահն այս տարբերակը մերժում է։

Իր ուղերձում Զելենսկին նաև հավելել է, որ ուկրաինական բանակը ռազմաճակատում ռեկորդային կորուստներ է հասցնում ռուսական կողմին և արդյունավետորեն հարվածում է Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին։

«Այժմ ուկրաինացի զինվորականներն իսկապես ամրապնդում են Ուկրաինայի բանակցային դիրքերը.կատարված ամեն մի առաջադրանք, պաշտպանական գործողություն, որն Ուկրաինային ուժ է հաղորդում ու արդյունք բերում, հզորացնում է երկիրը և, առաջին հերթին, ավելի ազդեցիկ դարձնում մեր ձայնը բանակցություններում», — նշել է Զելենսկին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *