Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամփոփել է Աբու Դաբիում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև կայացած եռակողմ բանակցությունների առաջին օրվա արդյունքները։
Այս մասին Զելենսկին գրել է սոցիալական ցանցի իր էջում։
Նրա խոսքով՝ բանակցությունների առաջին օրը սկսվել է ուկրաինական պատվիրակության՝ եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ խորհրդակցություններով։ Այնուհետև տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Եռակողմ ձևաչափն արդյունավետ էր և բավականին բովանդակալից», –հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր հումանիտար միջոցառումները, առաջին հերթին՝ գերիների ազատ արձակումը, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ու պատերազմի կրկնությունը կանխելու մեխանիզմները։
Նա նշել է, որ բանակցություններում հատուկ ուշադրություն է դարձվել լարվածության նվազեցման անհրաժեշտությանը։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ բանակցային խմբին հաջորդ օրվա համար կոնկրետ հանձնարարականներ է տվել։ Նախատեսվում է, որ եռակողմ բանակցությունները կշարունակվեն նոյեմբերի 11-ին, միաժամանակ կպահպանվեն շփումները ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների հետ։