Ընտրություններում պարտությունից հետո Թրամփը մտադիր է ավելի կոշտ կառավարել. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո էլ ավելի ակտիվորեն ընդլայնել գործադիր իշխանության լիազորությունները, ճնշում գործադրել քաղաքական հակառակորդների վրա և ուժեղացնել պետական ապարատի նկատմամբ վերահսկողությունը, գրում է Axios պարբերականը։

Պարբերականի կարծիքով՝ ԱՄՆ նախագահը պատրաստ է մարտահրավեր նետել Կոնգրեսին և դատարաններին՝ իր ազդեցությունը պահպանելու և MAGA շարժումն ամրապնդելու համար։

Թրամփն ու նրա դաշնակիցները դիտարկում են գործադիր որոշումների միջոցով նոր մաքսատուրքեր սահմանելու և ներգաղթի սահմանափակումները խստացնելու, ինչպես նաև պետական ծախսերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու հնարավորությունը։ Հանգստյան օրերին նախագահը սոցցանցերում քննարկել է իր վարչակազմի ներկայացուցիչների գործողությունները հետաքննող դեմոկրատներին պատասխանատվության ենթարկելու և նույնիսկ բանտարկելու հնարավորությունը։

Առանցքային քայլերից մեկը Սթիվեն Միլլերին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար նշանակելն էր։ Երկուշաբթի նա այդ պաշտոնում փոխարինել է Սյուզի Ուայլսին։ Միլլերն ու Վարչաբյուջետային վարչության տնօրեն Ռաս Վոութը կողմ են նախագահական լիազորությունների հնարավորինս լայն մեկնաբանությանը, որը թույլ կտա գործել առանց Կոնգրեսի հավանության։

«Սթիվենը թքած ունի K Street-ի լոբբիստների կարծիքի վրա»,- Axios-ին ասել է Թրամփի վստահված անձանցից մեկը՝ նկատի ունենալով Վաշինգտոնի լոբբիստական շրջանակները։

Պարբերականի գնահատմամբ՝ ի տարբերություն Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի, որոնք միջանկյալ ընտրություններում պարտություններից հետո իրենց քաղաքական կուրսը տեղափոխում էին դեպի կենտրոն, Թրամփը մտադիր է ավելի կոշտ գործել։ Նրա դաշնակիցները ցանկանում են վերականգնել ներքին տարաձայնություններից թուլացած MAGA շարժման միասնությունը։ Հնարավոր առաջնահերթությունների թվում են Իրանի հետ պատերազմի ավարտը, Իսրայելին տրամադրվող օգնության կրճատումը և առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերի նախաձեռնությունների հետ կապված MAHA ծրագրի առաջմղումը։

Axios-ն առանձնացնում է Թրամփի քաղաքականության հինգ հիմնական ուղղությունները.

• MAGA-ի ամրապնդում։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու Միլլերը մտադիր են վերականգնել պահպանողական ակտիվիստների և բլոգերների աջակցությունը։

• Կառավարում առանց Կոնգրեսի։ Սպիտակ տունը նոր գործադիր որոշումներ է պատրաստում։ Ռաս Վոութը, մասնավորապես, մասնակցել է նախագահական լիազորությունների ընդլայնում նախատեսող պահպանողական Project 2025 ծրագրի մշակմանը։

• Ճնշում հակառակորդների վրա։ Հետաքննությունների և քրեական հետապնդման սպառնալիքները կարող են դառնալ վարչակազմի ընդդիմախոսների դեմ պայքարի գործիք։

• Պետական ապարատի զտում։ «Թրամփն ընդդեմ Սլոթերի» գործով Գերագույն դատարանի որոշումն ընդլայնել է մի շարք անկախ կարգավորող գերատեսչությունների ղեկավարներին պաշտոնանկ անելու նախագահի հնարավորությունները։

• Քաղաքական ժառանգություն։ Axios-ը Թրամփի՝ իր իշխանությունը ցուցադրելու ձգտումը կապում է նաև Սպիտակ տանը պարահանդեսների սրահ կառուցելու, հաղթակամար կանգնեցնելու և իր անունը հավերժացնելու ծրագրերի հետ։

Ընդ որում, պարբերականը Կոնգրեսի նոր կազմում հանրապետականների կողմից լուրջ դիմադրություն չի ակնկալում։ Թրամփը հույս ունի, որ նրանք կհամախմբվեն իր շուրջը, եթե դեմոկրատների գործողությունները չափազանցված համարեն։

Միաժամանակ նախագահը կարող է առանձին զիջումների գնալ՝ մեղմացնել ներգաղթի վերահսկողության որոշ կողմեր, աջակցել առողջ սննդի ոլորտում MAHA-ի նախաձեռնություններին և ստորագրել Medicaid-ի ֆինանսավորման լայնածավալ կրճատումները չեղարկելու մասին օրինագծերը։

Սակայն, նշում է Axios-ը, Թրամփը հակված է քաղաքական ճնշմանը պատասխանել առճակատման ուժեղացմամբ։ «Թրամփն ու նրա թիմն իրենց լավագույնս են դրսևորում, երբ հայտնվում են պատին սեղմված վիճակում։ Թրամփը սկսում է պայքարել։ Մենք գործում ենք բացահայտ և ամբողջ ուժով»,- ասել է նրա խորհրդականներից մեկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *