
Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին Արցախյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։
Որոշեցի հավաքել այն պետությունների և կազմակերպությունների ցանկը, որոնք 2026 թվականին պաշտոնապես շնորհավորել են Բաքվին։
– Թուրքիա (նախագահ, ԱԳՆ, Պաշտպանության նախարարություն, ՆԳՆ, ազգայնական MHP կուսակցություն և «Նոր կուսակցություն»)
– Պակիստան (նախագահ և վարչապետ)
– Սաուդյան Արաբիա (թագավոր և թագաժառանգ)
– Ղրղզստան (նախագահ)
– Ուզբեկստան (նախագահ)
– Ղազախստան (նախագահ)
– Սիրիա (ԱԳՆ)
– Ուկրաինա (Ադրբեջանում դեսպան)
– Իսրայել (Ադրբեջանում դեսպանություն)
– Օկուպացված «Հյուսիսային Կիպրոս» (ԱԳՆ)
Կազմակերպություններից՝ Իսլամական համագործակցության կազմակերպություն, Իսլամական աշխարհի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն, Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողով, Թյուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամ, Թյուրքական ներդրումային հիմնադրամ, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Մշակույթների մերձեցման միջազգային կենտրոն։
Այսինքն՝ սեփական օրակարգն առաջ մղելու նպատակով Ադրբեջանը շարունակում է օգտագործել թյուրքական և իսլամական բազմակողմ հարթակները, Թուրքիայի դաշնակիցների ցանցը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում անձնական կապերը։
Հատկանշական է, որ 2025 թվականին այս ցանկն ավելի կարճ էր և չէր ներառում Սիրիան, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Թյուրքական ներդրումային հիմնադրամը։ Հետևաբար, 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր է գործադրել՝ ավելի մեծ դիվանագիտական արդյունքի հասնելու համար։
Սակայն առավել հետաքրքիր է, թե ովքեր ՉԵՆ շնորհավորել Ադրբեջանին։ Հարևան երկրներից ոչ մեկը շնորհավորանք չի հղել (Ռուսաստան, Իրան, Վրաստան)։ Ցանկում բացակայում են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող մեծ տերությունները (ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա), ինչպես նաև Եվրոպական միությունը»։