
Շաբաթ երեկոյան Թել Ավիվում հազարավոր իսրայելցիներ դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելու կառավարության դեմ կազմակերպված հանրահավաքի։ «Ռիա նովոստի»-ն հայտնում է, որ հանրահավաքը տեղի է ունենում Թատերական հրապարակում, որտեղ հավաքվել են ձախակողմյան քաղաքական սպեկտրի կողմնակիցները, ովքեր ավանդաբար դեմ են վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակողմյան կառավարության քաղաքականությանը։
Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացել ակցիայի վայրում, սակայն նրանք չեն խոչընդոտում, քանի որ հանրահավաքը արտոնվել է իշխանությունների կողմից և տեղի է ունենում առանց հասարակական կարգի որևէ խախտման։
Ակտիվիստները կառավարությանը կոչ են անում տարածաշրջանում խաղաղ քաղաքականություն վարել: Կան նաև կոչեր Իսրայելում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու և ժողովրդավարական արժեքները պաշտպանելու վերաբերյալ: