Երրորդ երկրների հարցումների հիման վրա Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները լուրջ մտահոգություն են առաջացնում Մոսկվայում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արևմտյան մի շարք երկրներ ամբողջ աշխարհում որս են հայտարարել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ։ Ցավոք, Հայաստանը բացառություն չէ, քանի որ տարեսկզբից հանրապետությունում համապատասխան օտարերկրյա հարցումների հիման վրա ձերբակալվել է Ռուսաստանի հինգ քաղաքացի», – ասել է Զախարովան։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, Ռուսաստանի քաղաքացիներին առաջադրվող մեղադրանքները հաճախ իրականության հետ որևէ աղերս չունեն։
Նրա խոսքով՝ ռուս դիվանագետները պարբերաբար այցելում են համապատասխան հաստատություններում պահվող իրենց հայրենակիցներին։ Տեղեկություններ կան, որ նրանցից ոմանց առողջական վիճակը վատթարացել է։
«Ավելի քան մեկ տարի առաջ հայ գործընկերներին առաջարկել ենք այս խնդրի իրավական կարգավորման տարբերակ՝ համապատասխան երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով։ Ընդ որում, Երևանին ներկայացված նախագիծը հաշվի էր առնում նաև հայկական կողմի ցանկությունները։ Այնուամենայնիվ, մինչ օրս որևէ բովանդակային արձագանք չենք ստացել», – հայտարարել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրավիճակի պատանդ։ Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակելու է այս հարցը պահել հատուկ վերահսկողության տակ և առավելագույն ջանքեր գործադրել նրանց ազատ արձակելու համար։