«ԱՄՆ-ն դեռ պաշտոնական և կոնկրետ պատասխան չի ներկայացրել Իրանի նամակին»։
Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է կատարել Իրանի առաջ քաշած յոթ պայմանները։ Միայն դրանից հետո կարող են վերսկսվել բանակցությունները, իսկ Հորմուզի նեղուցը՝ վերաբացվել։
«Ցանկացած ձևաչափով բանակցությունները շարունակելու համար նրանք պետք է կատարեն մեր սահմանած յոթ պայմանները։ Իհարկե, դրանից հետո բանակցությունները կարող են շարունակվել, իսկ դրանց ավարտից հետո Հորմուզի նեղուցը կարող է բացվել»,- հայտարարել է Ղալիբաֆը։
Խորհրդարանի նախագահը նաև պնդել է, որ ԱՄՆ-ն հույս ուներ Իրանի դեմ կարճատև ռազմական գործողության արդյունքում տապալել Իսլամական Հանրապետության իշխանությունը, սակայն դա տեղի չի ունեցել։
«ԱՄՆ-ն երբեք չէր ենթադրել, որ այդքան լուրջ կորուստներ կունենա։ Նրանք կարծում էին, որ կմտնեն Իրան և, իրենց պատկերացմամբ, երեք-չորս օրվա կամ մեկ շաբաթվա ընթացքում կկարողանան դժվարին իրավիճակի մեջ դնել Իսլամական Հանրապետության համակարգը, տապալել այն և հասնել իրենց նպատակներին»,- հավելել է խորհրդարանի նախագահը։