Ռուսաստանի Դաշնության կողմից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումը Հայաստանի արժութային շուկայում նոր ռիսկեր է ստեղծում։ 2026թ․ սեպտեմբերի 29-ից գործող որոշումը սահմանափակում է ֆիզիկական անձանց կողմից ₽1 մլն գերազանցող գումարների արտահանումը, իսկ կազմակերպությունների համար նախատեսում է ավելի խիստ կանոններ՝ որոշ բացառություններով.
ՀՀ ԿԲ-ի պաշտոնական փոխարժեքների տվյալները ցույց են տալիս, որ 2026թ․ սեպտեմբերին մեկ ռուբլին միջինում արժեր ֏4.27, իսկ հոկտեմբերին՝ ֏4.36։ Այսինքն՝ ընդամենը մեկ ամսում ռուբլին թանկացել է շուրջ 2.1%-ով։ Սակայն, 2025թ․ հոկտեմբերի ֏4.73 -ի համեմատ այն դեռ մոտ 7.7%-ով էժան է։
Այս աճը հետաքրքիր ազդակ է, բայց միայն դրա հիման վրա չի կարելի պնդել, թե սահմանափակումն արդեն հանգեցրել է թանկացման. փոխարժեքի վրա ազդում են նաև Ռուսաստանի տնտեսական պայմանները, միջազգային արժութային շուկան և Հայաստանի ներսում ռուբլու պահանջարկը։
Դիտարկելով ավելի վաղ տարիները` նկատում ենք, որ դեռևս 2018թ․ ռուբլու տարեկան միջին փոխարժեքը կազմել է ֏7.71, 2022թ․՝ ֏6.48, իսկ 2024թ․՝ ֏4.25։
Այսպիսով, վերջին տարիներին ռուբլին էականորեն էժանացել է դրամի նկատմամբ։ 2025 թ․ միջինը բարձրացել է մինչև ֏4.66։
▪️ Պատմական համեմատությունն ավելի ուշագրավ է. Այսպես, ռուբլու գնի առավելագույն միջինը գրանցվել է 1995թ․ օգոստոսին՝ ֏91.8։ Իսկ 2000–2026թթ․ ժամանակահատվածի օրական տվյալներում նվազագույնը 2025թ․ հունվարի 3-ի ֏3.54 է։
- Հետևաբար, կանխիկ ռուբլու ներհոսքի սահմանափակումը կարող է ձևավորել թանկացման լրացուցիչ ճնշում, հատկապես եթե Հայաստանում պահպանվի կանխիկ ռուբլու պահանջարկը։ Առաջին հերթին կարող է բարձրանալ բանկերի կանխիկ վաճառքի գինը՝ պաշտոնական փոխարժեքի նկատմամբ։