
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Անկախության հռչակագիրը ներկայացնում է որպես «ակտուալությունը կորցրած», «կոնֆլիկտային տրամաբանության վրա հիմնված» փաստաթուղթ։ Այս մոտեցման մեջ, սակայն, կա մի սկզբունքային հարց. արդյո՞ք հիմնադիր փաստաթղթի ընդունման պատմական պայմանները կարող են ժամանակի ընթացքում չեզոքացնել դրա պետական ու գաղափարական նշանակությունը։
Համեմատության համար բավական է դիմել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պատմական օրինակներին։
1776 թվականի հուլիսի 4-ին ընդունված ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրը ծնվեց Բրիտանական կայսրության դեմ 13 ամերիկյան գաղութների անկախության պայքարի պայմաններում։ Այն ժամանակ Միացյալ Նահանգները գերտերություն չէր, չուներ ո՛չ այսօրվա տնտեսական հզորությունը, ո՛չ ռազմական ներուժը և ո՛չ էլ միջազգային ազդեցությունը։ Դեռևս պետք է պայքարեր սեփական անկախությունն ու գոյությունը պաշտպանելու համար։
Այդ փաստաթուղթը, սակայն, միայն Բրիտանիայից անջատվելու հայտարարություն չէր։ Այն ամրագրում էր մարդկանց հավասարությունը, կյանքի և ազատության անօտարելի իրավունքները, ժողովրդի կամքից բխող իշխանությունը և սեփական քաղաքական ճակատագիրը որոշելու իրավունքը։ Հռչակագրում կային նաև Բրիտանիայի թագավորին ուղղված բազմաթիվ մեղադրանքներ, որոնք արտահայտում էին ժամանակի հակամարտությունը։
Այսօր ԱՄՆ-ն 50 նահանգ ունեցող գերտերություն է, բայց 13 գաղութների համար ընդունված հռչակագիրը շարունակում է մնալ ամերիկյան պետականության և ազգային ինքնության հիմնարար փաստաթղթերից մեկը։ Ամերիկացիները չեն հրաժարվել դրանից՝ պատճառաբանելով, որ այն ծնվել է Բրիտանիայի հետ հակամարտության պայմաններում։
Նույն պատկերն է Ֆրանսիայում։ 1789 թվականի օգոստոսի 26-ին՝ մեծ հեղափոխության պայմաններում, ընդունված Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը ուղղված էր բացարձակ միապետության և հին դասային համակարգի դեմ։ Այն ամրագրում էր մարդու ազատությունը, իրավահավասարությունը, ազգային ինքնիշխանությունը, սեփականության իրավունքը և ճնշմանը դիմադրելու իրավունքը։ Հեղափոխական պայքարի պայմաններում ծնված այդ փաստաթուղթը հետագայում դարձավ ֆրանսիական սահմանադրական համակարգի հիմնարար բաղադրիչներից մեկը և շարունակում է ունենալ սահմանադրական նշանակություն նաև այսօր։
Երկու օրինակն էլ ցույց են տալիս, որ պատմական հակամարտության պայմաններում ընդունված լինելը հիմնադիր փաստաթղթին ժամանակավրեպ լինելու հատկանիշ չի հաղորդում։ Դրա նշանակությունը որոշվում է նաև այն սկզբունքներով, որոնց վրա կառուցվում է պետությունը։
Հայաստանի 1990 թվականի Անկախության հռչակագիրն էլ չի կարելի նույնացնել միայն Ղարաբաղյան շարժման կամ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման հետ։ Դրա բովանդակությունը շատ ավելի ընդգրկուն է։ Այն ամրագրում է Հայաստանի ինքնիշխանությունը, ժողովրդի իշխանությունը, անկախ արտաքին քաղաքականությունը, սեփական զինված ուժեր ունենալու անհրաժեշտությունը, ժողովրդավարական պետականության կառուցումը, մարդու իրավունքները և 1918 թվականի Հայաստանի Հանրապետության պետական ավանդույթների շարունակականությունը։
Սրանք ոչ թե ժամանակավոր քաղաքական պահանջներ էին, այլ անկախ պետություն կառուցելու հիմնարար սկզբունքներ։
Հայաստանի Անկախության հռչակագրի նկատմամբ Փաշինյանի մոտեցման խնդիրը հենց այստեղ է։ Բանն այն է, որ 1990 թվականի փաստաթուղթը չի սահմանափակվում Ղարաբաղյան շարժման քաղաքական պահանջներով։ Այն ամրագրում է անկախ պետականության վերականգնման ամբողջ գաղափարախոսությունը՝ 1918 թվականի պետական ավանդույթի շարունակականությունից մինչև ինքնիշխանություն, սեփական զինված ուժեր և անկախ արտաքին քաղաքականություն։
Հետևաբար, եթե Հռչակագրի առանձին դրույթներ այսօր քաղաքական վերանայման կարիք ունեն, դա դեռ հիմք չէ ամբողջ փաստաթուղթը ժամանակավրեպ հայտարարելու համար։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օրինակները ցույց են տալիս, որ պատմական հակամարտության պայմաններում ծնված հիմնադիր փաստաթուղթը կարող է պահպանել իր նշանակությունը նաև այն ժամանակ, երբ փոխվել են պետության սահմանները, կարգավիճակն ու քաղաքական առաջնահերթությունները։
Իրականում Հայաստանի առջև դրված է ավելի հստակ հարց. արդյո՞ք խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հրաժարվել այն պատմական փաստաթղթից, որով Հայաստանը վերականգնել է իր անկախ պետականությունը»։