Նույնիսկ եթե մարդը տանը մահանար, միևնույն է՝ իշխանությանը մեղադրելու էիք. Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանն անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթին, նոր Սահմանադրության շուրջ ընդդիմության գործողություններին, TRIPP նախագծին և կալանավայրում ընդդիմադիր գործչի մահվան դեպքին։

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Չախոյանն ասաց, որ այս պահի դրությամբ որևէ դատավարական կարգավիճակ չունի, չի հարցաքննվել և իրավապահներից հարցաքննության հրավեր չի ստացել։

«Միջադեպի ժամանակ ընդդիմադիր պատգամավորն է նախահարձակ եղել իմ վրա, իսկ իշխող ուժի ներկայացուցիչների գործողությունները պատասխանն են եղել։ Իրավապահներն ի վիճակի են իրականացնել արդար և անաչառ քննություն»,- ասաց Չախոյանը։

Անդրադառնալով նոր Սահմանադրության դեմ ընդդիմության նախաձեռնած ակցիաներին՝ Չախոյանը տարակուսանք հայտնեց, որ ընդդիմադիր ուժերը պայքար են սկսել մի փաստաթղթի դեմ, որի տեքստը դեռ հրապարակված չէ։ Նա հիշեցրեց, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու համար իշխող ուժին անհրաժեշտ է ևս 6 պատգամավորի ձայն՝ հարց բարձրացնելով, թե ի՞նչ նպատակ ունեն ընդդիմության ակցիաները, եթե վերջինս չի պատրաստվում աջակցել հանրաքվեի անցկացմանը։

TRIPP նախագծի վերաբերյալ Չախոյանը քննադատեց ընդդիմության դիրքորոշումը՝ նշելով, որ միջազգային գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Նրա գնահատմամբ՝ նման քայլը կարող էր վտանգել երկրի ստանձնած պարտավորությունների կատարումը և մեծացնել անվտանգային ռիսկերը։

Խոսելով կալանավայրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Գևորգյանի մահվան մասին՝ Չախոյանը նախ ցավակցեց նրա հարազատներին և քննադատեց ընդդիմությանը՝ դեպքը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու համար։

«Նախ՝ խափանման միջոցն ընտրում է դատարանը։ Տվյալ դեպքում կալանավորման որոշումը կայացրել է հենց դատարանը։ Երկրորդ՝ եթե նույնիսկ այդ անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված լիներ տնային կալանքը, և ենթադրենք՝ այդ դժբախտ դեպքը տեղի ունենար տանը, այդ ժամանակ ի՞նչ էիք ասելու։ Ասելու էիք, որ մարդուն անհիմն մեղադրանք է առաջադրվել, ինչի հետևանքով նա հոգեկան ծանր ապրումներ է ունեցել, առողջական խնդիրներ են առաջացել, և արդյունքում մահացել է։ Ես ավելի քան վստահ եմ, որ այդ դեպքում ևս նույն շահարկումներն էիք անելու»,- ասաց Չախոյանը։

Պատգամավորը նաև հայտնեց, որ Եկեղեցուն առնչվող հարցերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ շաբաթ և կլինի բաց։ Նրա խոսքով՝ չի բացառվում, որ հանձնաժողովի նիստերին հրավիրվի նաև Արման Սարոյանը։

 

Գառնի Մութաֆյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *