Վրաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդումն ու Միջին միջանցքը

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը և տարածաշրջանում կայուն խաղաղության ամրապնդման կարևորությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովի (COP31) շրջանակներում, հաղորդում է «Грузия Online»-ը։

Ինչպես հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմը, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային գործընթացների շուրջ, ինչպես նաև քննարկել Թբիլիսիի և Անկարայի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը։

Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևորությանը։ Առաջնորդները քննարկել են նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնման, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև Միջին միջանցքի և Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթուղու դերի ամրապնդման հեռանկարները։

Կավելաշվիլին վերահաստատել է Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը հետագայում ևս զարգացնելու Վրաստանի պատրաստակամությունը և Էրդողանին հրավիրել այցելել երկիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *