ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցները հանդես եկել հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ համագործակցության օգտին

Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 9-րդ գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատել են իրենց աջակցությունն Ուկրաինային և հանդես եկել հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ համագործակցության խորացման օգտին։

Այս մասին Դուբլինում կայացած հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը։

Նրա խոսքով՝ քննարկումների կարևոր արդյունքներից էր նաև հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ ժողովրդավարական գործընթացների դեմ ուղղված գործողությունների կանխարգելման հարցում ավելի սերտ համագործակցության կոչը։ Նա նաև ընդգծել է տեխնոլոգիական զարգացման միջոցով Եվրոպայի նորարարական ներուժի և մրցունակության ամրապնդման անհրաժեշտությունը։

Եվրոպայի անվտանգության ապագան չի կարող քննարկվել և որոշվել առանց Եվրոպայի մասնակցության, և այս սկզբունքը քննարկման ենթակա չէ։ Այս մասին Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը ՆԱՏՕ-ի և մի շարք եվրոպական երկրների հետ միասին մասնակցում է Ուկրաինայի օգտին իրականացվող դիվանագիտական ջանքերին։

Կոշտայի խոսքով՝ շարունակվող բանակցություններում Եվրոպայի առաջնահերթությունները մնում են անփոփոխ՝ հրադադարի հաստատում, Սև ծովում նավագնացության վերականգնում և Կիևի ու Մոսկվայի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար պայմանների ստեղծում։

Կոշտան նշել է, որ Ուկրաինան ինքնիշխան պետություն է և պետք է պահպանի դաշինքներն ու գործընկերություններն ինքնուրույն ընտրելու իրավունքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *