UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը մեկնաբանել է նոյեմբերի 11-ին Աբու Դաբիում տեղի ունեցած միջադեպը, որին մասնակցել են PFL-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովը, նրա ընկերները և UFC-ի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին։
Ծառուկյանի խոսքով՝ բախումն անխուսափելի էր․
«Դա պետք է տեղի ունենար։ Անխուսափելի էր։ Զարմացել էի, երբ Մերաբն անցած անգամ այստեղ էր, և ոչինչ տեղի չունեցավ։ Պատասխանը պետք է լիներ, և այն եղավ։
Այո՛, կարելի էր խուսափել դրանից։ Բայց դժվար է։ Գիտես՝ երբ մարդը հուզված վիճակում մոտենում է, քո եղբորը կպել են … Նա պարզապես ուզում էր նույնն անել նրա հետ։ Կարծում եմ՝ Ուսմանն ընդհանրապես չէր ուզում կռվել։ Կարծում եմ՝ պարզապես ուզում էր ապտակել։ Չէր ուզում շարունակել, մտածում էր, որ այդ ամենն այսքանով կավարտվի։ Բայց Մերաբը գազան է, անմիջապես նետվեց առաջ»,– ասել է մարզիկը։
Ծառուկյանը կոչ է արել կողմերին հարթել տարաձայնությունները՝ բացառելով կոնֆլիկտի հետագա սրումը։
«Կարծում եմ՝ այս միջադեպը չպետք է շարունակություն ունենա։ Պետք է պարզապես միասին նստեն, ձեռք սեղմեն։ Մերաբն իր տանն է արել, Ուսմանն այստեղ արեց։ Այսպիսով՝ նրանք հաշիվները հավասարեցրել են։ Հակառակ դեպքում կարող է վատ հետևանքներ ունենալ։ Հիմա դաղստանցիների և վրացիների միջև ինչո՞ւ պետք է ազգամիջյան հակամարտություն առաջանա։ Ընդհակառակը՝ պետք է Հաբիբը կամ ավագները կապ հաստատեն և հնարավորինս անվտանգ ձևով հարթեն այս վեճը, որպեսզի բոլորը ձեռք սեղմեն ու հեռանան», — ասել է Ծառուկյանը լրագրող Ադամ Զուբայրևին տված հարցազրույցում։
Հայ մարզիկը հավելել է, որ այս հակամարտությունը բոլորի համար ծանր հետևանքներ կունենա։ Նրա խոսքով՝ միջադեպի բոլոր մասնակիցներին սպասում է ԱՄԷ-ից արտաքսում, քանի որ բոլորն էլ ներգրավված են եղել ծեծկռտուքին։
«Կարծում եմ՝ նվազագույնը, որ կարող է լինել, կռվին մասնակցած անձանց, այդ թվում՝ Մերաբի արտաքսումն է։ Որովհետև Աբու Դաբիի կանոնների համաձայն՝ եթե քեզ հարվածել են, դու իրավունք չունես կռիվ սկսել։ Եվ ահա, որքան գիտեմ, նրանց արդեն ձերբակալել են։ Հուսով եմ՝ ազատ կարձակեն, և ամեն ինչ նորմալ կլինի»,– ասել է նա։
Ծառուկյանը նաև կարծիք է հայտնել, որ Նուրմագոմեդովն անհրաժեշտ է UFC-ին, քանի որ վառ մեդիա ներկայացուցիչ է։