«Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է». Վարդան Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է Հայաստանի և Իրանի միջև հազարամյակների միասնական քաղաքակրթության շրջանակներում շարունակական համագործակցությամբ։
     Արդեն մի քանի օր է, ինչ այդ վարչախմբի տարբեր պետական մարմիններ չեն դադարում վայրահաչել Իրանի փոխնախագահի՝ Հայաստան այցի շրջանակներում հայ-իրանական մշակութային և կրոնական երկխոսության կարևոր կենտրոններից՝ Երևանի իրանական Կապույտ մզկիթի սրահներից մեկը հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ։
     Նաև Հայաստանի ներքին գործերին միջամտության տարրեր պարունակող լկտի և հանդուգն հայտարարություններով են հանդես եկել, մասնավորապես, ստալինյան ժամանակների մնացուկ, այսպես կոչված, «Կովկասի մուսուլմանների վարչությունը» և արհեստածին Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտե կոչեցյալը։
     Տգիտության և լկտիության միախառնման հետևանք այս հայտարարությունները հատկապես զավեշտալի են այն պայմաններում, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբը հետապնդում է հավատացյալ շիաներին նույնիսկ այնպիսի տարրական իրավունքի խնդրով, ինչպիսին դպրոցականների հիջաբի հարցն է, իսկ «Կովկասի մուսուլմանների վարչություն» և Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտե հորջորջվող Բաքվի բռնապետի գրպանային կառույցները, կա՛մ լռում, կա՛մ արդարացնում են այդ բռնաճնշումը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *