Քուշներ. երկու կողմերն էլ համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացի գործընկերներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկու բանագնացներից մեկը՝ Ջարեդ Քուշները, X ցանցում ծավալուն հաղորդագրություն է հրապարակել՝ ամփոփելով Աբու Դաբիում, Մոսկվայում և Դուբլինում երեք օր տևած բանակցությունների արդյունքները։

Մասնավորապես, նա գրում է. «Երկու կողմերն այժմ համաձայնել են ընդլայնել բանակցությունների հաջորդ փուլը և դրանում ընդգրկել մեր եվրոպացի գործընկերներին։ Սա մեզ թույլ կտա Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տարածքային հարցերին զուգահեռ անդրադառնալ հետպատերազմյան եվրոպական անվտանգության ավելի լայն համակարգին»։

Ուկրաինան միշտ կողմ է արտահայտվել բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությանը, սակայն Ռուսաստանը կտրականապես դեմ էր։ Այս դիրքորոշման փոփոխության մասին Մոսկվայից նոր հայտարարություններ առայժմ չեն հնչել։

«Ռազմական գործողությունների տևական դադարեցումը կպահանջի անվտանգության վստահելի երաշխիքներ, բախումների կանխման մեխանիզմներ և լարվածության թուլացման փոխադարձ պարտավորություններ՝ ապագա հակամարտության վտանգը նվազեցնելու համար։ Մենք նախագահ Զելենսկու հետ պայմանավորվել ենք սերտ կապի մեջ մնալ նրա և նրա թիմի հետ ու կրկին ընդգծել ենք, որ եվրոպական անվտանգության վերաբերյալ որևէ ավելի լայն պայմանավորվածություն վերջնական տեսքի չի բերվի՝ առանց հաշվի առնելու անվտանգության ոլորտում Ուկրաինայի մտահոգությունները»,— շարունակում է Քուշները։

«Նախագահ Թրամփը վճռական է տրամադրված՝ վերջ դնելու այս սարսափելի պատերազմին։ Զգալի տարաձայնությունները պահպանվում են, սակայն ձեռք բերված առաջընթացը մեզ հուսադրում է։ Մենք կկատարենք անհրաժեշտ ողջ բարդ դիվանագիտական աշխատանքը՝ հասնելու բեկման, որը թույլ կտա դադարեցնել մարտերը և հիմք կստեղծի տևական խաղաղության, ինքնիշխան, պաշտպանված ու բարգավաճ Ուկրաինայի և ավելի կայուն Եվրոպայի համար»,— ընդգծում է բանագնացը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *