Microsoft-ի ծառայությունները «միացման հետ կապված խնդիրներ» ունեն։ Ընկերությունն այսպես է բացատրել գլոբալ խափանումը, որը աշխարհում տասնյակ հազարավոր օգտատերեր են զգում։ Մասնավորապես խոսքը վերաբերվում է Outlook էլեկտրոնային փոստի ծրագրին, Teams տեսահաղորդակցման ծառայությանը եւ Copilot արհեստական բանականությամբ աշխատող չաթբոտին։
Կորպորացիայի գնահատմամբ՝ քիչ հավանական է, որ այդ խնդիրների պատճառը կիբերհարձակումը լինի։
Downdetector մոնիթորինգային ծառայության տվյալներով՝ Microsoft-ի ծրագրերի աշխատանքի հետ կապված խնդիրներ մեկ ժամվա ընթացքում արձանագրվել են 74 երկրում։ Դրանք շարունակվում են մինչ այժմ՝ խափանման սկսվելուց ավելի քան ութ ժամ անց։
Microsoft-ի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ աշխարհում 430 միլիոն մարդ օգտվում է Microsoft 365 փաթեթից։
Microsoft-ը հայտնել է, որ թարմացում է թողարկել, սակայն դրա տեղակայումը սպասվածից ավելի երկար է տեւում։
Ընկերությունը տեղեկացրել է, որ միանգամից մի քանի տարածաշրջաններում իր սերվերները «ավելացած ծանրաբեռնվածություն» ունեն։ Սա նշանակում է, որ հարցումների քանակն ավելի մեծ է, քան սերվերները կարող են մշակել։
Խափանումն ազդել է նաեւ Microsoft-ին չպատկանող որոշ երրորդ կողմի ծառայությունների վրա։ OpenAI եւ Anthropic ընկերությունները հայտնել են իրենց արտադրանքների՝ մեծ լեզվային մոդելների աշխատանքում խափանումների մասին այն հատվածում, որտեղ դրանք փոխկապակցված են Microsoft-ի արտադրանքների հետ։