Աշխարհահռչակ Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը 2027 թվականի սեպտեմբերի 3-ին համերգով հանդես կգա Երևանում՝ իր Saving Grace խմբի հետ։
Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերի վաճառքը կմեկնարկի 2026 թվականի նոյեմբերի 13-ին։
2019 թվականին ստեղծված Saving Grace խմբում Ռոբերտ Փլանթից բացի ընդգրկված են երգչուհի Սյուզի Դիանը, թմբկահար Օլի Ջեֆերսոնը, կիթառահար Թոնի Քելսին, բանջո և այլ լարային գործիքներ նվագող Մեթ Ուորլին, ինչպես նաև թավջութակահար Բարնի Մորս-Բրաունը։
Խմբի երաժշտությունը համադրում է ակուստիկ ֆոլկի, բլյուզի, ամերիկանայի և գոսպելի տարրերը։ 2025 թվականի սեպտեմբերին, վեց տարվա համատեղ ելույթներից հետո, Saving Grace-ը թողարկել է իր առաջին համանուն ալբոմը։
Համերգին հնչելու են «Saving Grace» խմբի ակուստիկ, բլյուզ և ֆոլկ ստեղծագործությունները, ինչպես նաև «Led Zeppelin»-ի հայտնի հիթերը՝ նոր մեկնաբանությամբ (օրինակ՝ «Ramble On», «The Rain Song», «Gallows Pole»)։ Տոմսերի վաճառքն արդեն մեկնարկել է, դրանք կարելի է ձեռք բերել առցանց՝ Ticketon.am հարթակում։
Saving Grace-ը վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 35 համերգ է ունեցել Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում։ 2026 թվականը խումբը կավարտի Լոնդոնի Royal Albert Hall-ում կայանալիք երկու համերգով։
Ռոբերտ Փլանթի երևանյան համերգը հնարավորություն կտա հայ հանդիսատեսին կենդանի կատարումով ունկնդրել ռոք երաժշտության ամենանշանավոր ձայներից մեկին՝ նրա ստեղծագործական նոր շրջանի երաժշտությամբ։